Metrojet ավիաընկերությունը Եգիպտոսից փոխհատուցում կպահանջի A321-ում տեղի ունեցած ահաբեկչության համար

12:39 • 07.12.15

Ռուսական Metrojet ավիաընկերությունը (ավելի վաղ՝ «Կոգալիմավիա») Եգիպտոսի իշխանություններից իր A321 ինքնաթիռում տեղի ունեցած ահաբեկչության համար փոխհատուցում կպահանջի։ Այդ մասին Forbes-ին տված հարցազրույցում հայտնել է TH&C զբոսաշրջային հոլդինգի, որի մեջ մտնում է նաև Metrojet-ը, սեփականատեր Իսմայիլ Լեպիևը։

 

Լեպիևի խոսքով՝ ավիաընկերությունը հույս ունի դատարանից դուրս պայմանավորվածություն ձեռք բերել Կահիրեի հետ: «Այս պահին մենք սպասում ենք, թե երբ է Եգիպտոսն ավարտելու հետաքննությունը և պաշտոնապես հայտարարելու դրա արդյունքների մասին»,- ասել է նա:

 

«Ինձ համար շատ կարևոր է ոչ միայն հարցի տնտեսական բաղադրիչը, այլև՝ քաղաքական: Եգիպտոսը Ռուսաստանի գործընկերն է շատ ոլորտներում, ունի հարաբերություններ ՌԴ-ի հետ, որոնք տասնամյակների պատմություն ունեն, մենք դա հարգում ենք և մինչև վերջ կփորձենք պայմանավորվել փոխհատուցման մասին առանց դատական քայլերի»,- հավելել է նա:

 

Ռուսական ավիացիայի պատմության ամենախոշոր ավիավթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի
 31-ին: Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել էր Սինայի թերակղզում: Ինքնաթիռի 217 ուղևորներն ու անձնակազմի 7 անդամները զոհվել են։

Metrojet ավիաընկերությունը Եգիպտոսից փոխհատուցում կպահանջի A321-ում տեղի ունեցած ահաբեկչության համար