«Նոր Հայաստան» փրկության ճակատի բողոքի երթը. ուղիղ
ԹԱՐՄԱՑՎՈՒՄ Է
Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցած «Նոր Հայաստան» փրկության ճակատի հրավիրած մամուլի ասուլիսը, որին հաջորդեց երթ։ Բողոքի այս երթին արող եք հետևել ուղիղ հեռարձակմամբ։
17.49
Ոստիկանական պատնեշը «Նոր Հայաստանի» երթի մասնակիցներին թույլ չտվեց մոտենալ ԿԸՀ-ի շենքին
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի երթի մասնակիցներին Գրիգոր Քոչար փողոցի հենց սկզբում դիմավորեց ոստիկանական պատը: Նրանք թույլ չտվեցին որևէ կերպ մոտենալ ԿԸՀ շենքին:
Այստեղ «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը բարձրախոսով հայտարարեց, որ դեկտեմբերի 6-ին միակ քաղաքական արդյունքն այն էր, որ հստակեցվեց հանցագործների այն խումբը, որը հերթական անգամ իր ամբողջ ջանքը ներդրեց ժողովրդի կամքը խլելու համար:
«Կան մարդիկ ովքեր անմիջական են գործել հանցագործություններ, ու նրանք մեղադրյալներ են, ու կան նրանք, ովքեր աջակցել են՝ լուռ կամ ակտիվ ձևով: Ու՞մ է ծառայում ոստիկանությունը, իհարկե, հանցավր ռեժիմին: Մենք եկել ենք այստեղ ասելու՝ չենք ընդունում հանրաքվեի այս արդյունքը»,-ասաց նա:
«ժողովրդական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանն էլ նշեց, որ երեկ արվեց այն ինչ վերջին բոլոր ընտրություններում՝ ուղղակի թարմացվեց բոլորի հիշողությունները:
«Ցավում եմ, որ ժողովրդի մի մասը մասնակից եղավ: Կա երկու ճանապարհ: Մեկը՝ մեր ինտելեկտուալ ու մտահոգ հասարակության մասնակցությունն է, մյուսը՝ սելավը: Եթե մեր մտահոգ քաղաքացիները շարունակեն մասնակցություն բերել համակարգիչներով, սելավը մի օր փորձանք կբերի մեր գլխին, որպեսզի չլինի սելավ, դիմում եմ մեր գործընկերներին՝ ինչու՞ չեք ընդվզում, սրանից ավել ի՞նչ եք ուզում: Դիմում եմ, ինչպես միշտ իրեն կույսի պես պահող «Դաշնակցությանը», լռում եք, որպեսզի շարունակեք օգտվե՞լ իշխանության սեղանից»,-ասաց նա:
Պետրոս Մակեյանը նշեց, որ ներկաները առաջամարտիկներ են, բայց բավարար չեն արդյունքի հասնելու համար: «Վստահ եմ, որ ինչ-որ պահի մեզ պետք է միանան մյուս շերտերը»,-ասաց նա:
Քաղաքագետների միության ղեկավար Հմայակ Հովհաննիսյանն էլ նշեց, որ մի օր իշխանությունները պատասխան են տալու, քանի որ ժողովուրդը հաղթել է ու մերժել է ինչպես իշխանությանը, այնպես էլ իրենց կողմից առաջադրված նոր Սահմանադրությունը:
«Կոչ եմ անում չվհատվել, որովհետև սա նրանց վերջին հանցանքն է, որը մենք չենք հանդուրժելու ու դարձնելու ենք ելակետ ու հիմք: Ես կոչ եմ անում գիտակցել, որ դուք հաղթել եք, որովհետև մեր ժողովուրդը գնացել է ու իր վճռական ոչ-ն է ասել ռեժիմին ու նրա հեղինակած սահմանադրությանը: Մենք ուժեղ ենք, դրա համար էլ այստեղ ոստիկանական շարքերը կանգնել են ու պաշտպանում են ընտրակեղծարարներին»,-ասաց նա:
17։08
Մեկնարկել է «Նոր Հայաստանի» երթը դեպի ԿԸՀ
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երթով գնում է դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենք: Ինչպես մինչ երթը տեղեկացրեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը, երթի մասնակիցները կանցնեն Թումանյան փողոցով, Մաշտոցի պողոտայով, Ֆրանսիայի հրապարակով, Բաղրամյան պողոտայով, Մոսկվայի փողոցով, Մաշտոցի պողոտա ու Կորյուն փողոցով կհասնեն ԿԸՀ, այնտեղից վերադառնալից կանցնեն Աբովյան և Սայաթ-Նովա փողոցներով ու կվերադառնան Ազատության հրապարակ:
Վերջիններս այս պահին դրոշներով, պաստառներով ու թմբուկներով գտնվում են Մաշտոցի պողոտայում: Ճանապարհին նրանք քաղաքացիներին կոչ են անում միանալ ընդվզմանը, քանի որ երկրում ընտրություններով հարց չի լուծվում:
Պլանավորվում է ժամը 18-ին վերադառնալ Ազատության հրապարակ:
17.05
Ժիրայր Սեֆիլյանը խոստացավ՝ ԿԸՀ-ին հանգիստ չեն տալու
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սեֆիլյանը Ազատության հրապարակում այսօր հայտարարեց՝ կենտրոնական ընտրական հանձնաժողովին հանգիստ չեն թողնելու, աշխարհին էլ ցույց են տալու, որ հայ ժողովուրդը չի համակերպվելու ու չի ենթարկվելու ստեղծված իրավիճակին:
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, ոչ մեկիս համար զարմանալի չէր: Մենք ունեցել ենք այն համոզումը, որ դիկտատորի օրոք ընտրությունների մասնակցելը անիմաստ է ու հերթական անգամ ապացուցվեց՝ երկրում ընտրություններ չեն տեղի ունենում, այլ ընդամենը օպերացիա: Երեկ մենք ինչ արել ենք, դրանով ապացուցել ենք, որ մենք կանք: Մենք երեկ ոչ շատ բազմամարդ, բայց կորիզային թվով մեր ազգի պատիվը գոնե փրկեցինք: Եթե ամբողջ ժողովուրդը հենց այստեղ չէ, չի նշանակում է, որ նրանք մեզ հետ չեն, միշտ էլ լինում են առաջամարտիկներ»,-ասաց նա:
Ժիրայր Սեֆիլյանը վստահություն հայտնեց, որ Նոր Հայաստանի» պայքարը հաջողություն է ունենալու, քանի որ օրեցօր ամրապնդում է այն կորիզը, որի շուրջ ժողովրդին համախմբելու է: «Թող ոչ մեկ չկարծի, թե անիմաստ գործով ենք զբաղվում»,-ասաց նա:
17.01
Ստեղծված իրավիճակում մի քանի պաշտոնյաններ պետք է հրաժարական տան. Րաֆֆի Հովհաննիսյան
Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը ամբիոնից հայտարարեց, որ քիչ առաջ է վերադարձել Գյումրիից ու Սպիտակից, որտեղ 27 տարի առաջ տեղի էր ունեցել ուժեղ երկրաշարժ:
«2.5 տասնամյակ հետո մեզ տրվել է հնարավորություն, զոհվածների կիսատ մնացած երազներն իրականացնելու համար»,-ասաց նա և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Րաֆֆի Հովհաննիսյանն, անդրադառնալով երեկ Հայաստանում կայացած հանրաքվեի արդյունքներին, նշեց, որ ստեղծված իրավիճակում մի քանի պաշտոնյաններ պետք է հրաժարական տան,մասնավորապես գործող նախագահը, վարչապետը, պաշտպանության նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Ինձ հաճույք չի տալիս սա ասելը, բայց յուրաքանչյուր անվան տակ 100 անուն էլ կարող եք դուք ավելացնել: Պետք է հրաժարական տան նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ու էլի բազմաթիվ մարզպետներ ու քաղաքապետեր, որոնք, ուղղակի մասնակցությամբ, գողացան քվեներ»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն այնուհետև ցավով նշեց, որ պետք է հրաժարական տա գեներալ, Արցախի հերոս, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ում, մինչ այսօր, համարում էր կառավարության միակ լույսը:
«Մեծ ցավով զեկուցում եմ ձեզ՝ այն մարդը, որ կարող էր դառնալ հրաշալի նախագահ, մասնակցել է պետական հանցագործությանը՝ ուղարկելով զինվորներին համատարած ստի քվեարկության։ Պահանջում եմ նրա հրաժարականը»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց ժողովրդին չընկճվել և միասին գտնել պայքարի հանգրվանը՝ հաղթանակը:










