Այդքա՞նը. Թրամփը ժողովրդին հղված Օբամայի ուղերձի մասին
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում մեկնաբանել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձը ժողովրդին, գրում է gazeta.ru-ն:
«Այդքա՞նը։ Մեզ շտապ նոր նախագահ է պետք»,- գրել է նա:
Թրամփը նաև մինչև ելույթը հույս է ունեցել, որ նախագահը չափազանց ակտիվ «չի հարձակվի» ԱՄՆ սահմանադրության երկրորդ փոփոխությանը, որը երաշխավորում է զենք կրելու և պահելու քաղաքացիների իրավունքը:
Իր ելույթում Օբաման հայտնել է Սան Բերնարդինոյում կրակոցների հետաքննության տվյալները, ինչպես նաև կոչ է արել Կոնգրեսին սահմանափակել երկրում ինքնաձիգի վաճառքը:
Սան Բերնարդինոյում հրաձգությունը տեղի էր ունեցել դեկտեմբերի 2-ի գիշերը։ Հանցագործները ներխուժել էին սոցիալական ապահովության կենտրոնի դահլիճ ու կրակ բացել շենքում ներկաների վրա։ Զոհվել էր 14, վիրավորվել՝ 21 մարդ։ Հանցագործները ոչնչացվել էին իրավապահների հետ հրաձգության ընթացքում։










