ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան հերքում է սիրիական բանակի օբյեկտին հարված հասցնելու մասին լուրերը

15:02 • 07.12.15

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան հերքում է, որ իր ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայի Դեյր Զոր շրջանում սիրիական բանակի օբյեկտին, գրում է gazeta.ru-ն:

 

Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:

 

«Մենք տեղյակ ենք, որ լրատվամիջոցներում հայտնվել են հաղորդագրություններ, բայց մենք ոչ մի հարված չենք հասցրել Դեյր Զորի այդ հատվածում։ Հարվածը հասցվել է այդ շրջանից 55 կիլոմետր հեռավորության վրա»,- հայտարարել է նա:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սիրիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Դեյր Զոր շրջանում սիրիական բանակի օբյեկտին միջազգային կոալիցիայի հասցրած ավիահարվածի առնչությամբ։

 

Սիրիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ կոալիցիայի չորս ինքնաթիռներ նախօրեին երեկոյան 9 հրթիռ են բաց թողել օբյեկտի ուղղությամբ: Օդային հարվածների հետևանքով զոհվել է երեք մարդ, վնասվածքներ են ստացել 13 հոգի:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ միջազգային կոալիցիան սխալմամբ հարված է հասցրել սիրիացի զինվորներին: Հարվածը հասցվել է «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հսկողության տակ գտնվող Դեյր Զոր շրջանի տարածքում։ Իրավապաշտպանների տեղեկություններով՝ կոալիցիայի կրակի տակ է հայտնվել Այաշ քաղաքի մոտակայքում գտվող զորամասը։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական խորհրդում նշել են, որ դա Սիրիայում միջազգային կոալիցիայի գործողության մեկնարկից ի վեր առաջին նման միջադեպն է։