ԻՊ գրոհայինները գողացել են տասնյակ հազարավոր դատարկ անձնագրեր. լրատվամիջոցներ
Իրաքի և Սիրիայի տարածքի զգալի հատվածները զավթած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները գողացել են տասնյակ հազարավոր դատարակ անձնագրեր, որոնց միջոցով փորձ է արվելու փախստականների անվան տակ իսլամիստ ահաբեկիչներին ուղարկել Եվրոպա:
Ինչպես նշում է Al Arabiya-ն, այս մասին հայտնում է գերմանական Welt am Sonntag պարբերականը, որն իր հերթին վկայակոչում է արևմտյան հետախուզական ծառայություններին:
Ենթադրվում է, որ դատարակ անձնագրերը գողացվել են Իրաքի, Սիրիայի և Լիբիայի այն տարածքներից, որոնք գտնվում են իսլամիստների հսկողության տակ: Հայտնի է, որ սև շուկայում իսլամիստներն այս անձնագրերը վաճառում են յուրաքանչյուրը 1.500 եվրո գնով:










