Հրադադարի կոպիտ խախտումները վկայում են այն մասին, որ Բաքուն ամենևին շահագրգռված չէ խաղաղ կարգավորմամբ. ԼՂՀ ԱԳՆ
Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, ինչը վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ։
Այս մասին ասել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Սարգսյանն ի պատասխան «Արմենպրես» գործակալությանը հարցի, որը հնչել է այսպես։
-Չնայած, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները դեկտեմբերի 19-ին Բեռնում տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում իրավիճակը մնում է լարված։ Ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
- Դրական ենք համարում, որ նախագահների հանդիպման գլխավոր թեմաներից է եղել շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված առաջարկները՝ ներառյալ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմների մշակումը։
Մենք մշտապես հանդես ենք եկել նման մեխանիզմների մշակման և իրականացման օգտին, ինչը թույլ կտա բացահայտելով լարվածության սրման իրական մեղավորին, վերջ դնել բոլոր շահարկումներին։ Իսկ դա իր հերթին կնպաստի շփման գծում իրավիճակի կայունացմանը և կստեղծի կառուցողական մթնոլորտ բանակցություններ վարելու համար։
Հուսով ենք՝ միջազգային հանրությունը հետևողական կլինի այս մեխանիզմները կյանքի կոչելու գործում։
Ցավոք, այն փաստը, որ նույնիսկ հանդիպումից հետո Ադրբեջանը շարունակում է հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները, վկայում է այն մասին, որ պաշտոնական Բաքուն ամենևին շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորմամբ։










