Իր պետին գլխատած ֆրանսիացին ինքնասպան է եղել բանտում
Ֆրանսիայի քաղաքացի Յասին Սալին, ով այս տարի ամռանը գլխատել էր իր պետին ու ահաբեկչություն իրականացրել նրան պատկանած արտադրամասի տարածքում, ինքնասպան է եղել բանտախցում:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել «Ֆլերի Մեժորի» բանտում, որտեղ 35-ամյա Սալին կախվել է ճաղերից` օգտագործելով սավանները։ Հայտնի է, որ հանգուցյալը գտնվել է միանձնյա բանտախցում և ինքնասպանություն իրագործելու սպառնալիք չէր ներկայացնում:
Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարվա հունիսին Սալին Սեն Կանտեն Ֆալավյե քաղաքում մեքենայով մուտք է գործել գազի բալոններ արտադրող արտադրամասի տարածք ու բախվել է բալոններին, ինչի հետևանքով տեղի է ունեցել հզոր պայթյուն:
Դեպքի վայրում հայտնաբերվել է իսլամիստական դրոշ ու մարմնից առանձնացված գլուխ: Հետագայում պարզվել է, որ դա Սալիի պետի` Էվրե Կորնանի գլուխն է։ Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել էր իր մեղքը։










