Հայաստանն առաջին երկրներից էր, որն արձագանքեց Սու-24-ի հետ կապված միջադեպին. Շոյգու
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում իր հայ գործընկեր Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ Հայաստանն առաջին երկրներից էր, որն արձագանքեց Թուրքիայի կողմից ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցման դեպքին։
Ինչպես նշում է vz.ru-ն, այս առնչությամբ Շոյգուն շնորհակալական խոսքեր է ասել Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարին։
«Իրականում դա մեզ համար իսկական դավաճանություն էր, քանի որ մենք չէինք սպասում նման գործողություն այն մարդկանցից, ովքեր ի լուր աշխարհի ասում են, թե պայքարում են «Իսլամական պետություն» ու Սիրիայում գործող այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ»,- նշել է ռուս պաշտոնյան:
Նախարարը նաև հավելել է, որ 2015թ. Ռուսաստանին ու Հայաստանին հաջողվել է ամբողջությամբ իրագործել ռազմական համագործակցության հետ կապված բոլոր ծրագրերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին ռուսական ռազմական ինքնաթիռ էր կործանվել Սիրիայում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ինքնաթիռը խփվել է թուրքական F-16 կործանիչից արձակված «երկինք-երկինք» տիպի հրթիռով և ընկել է Սիրիայի տարածքում՝ Թուրքիայի սահմանից 4 կմ հեռու։ Ռուսաստանի նախագահը տեղի ունեցածը «թիկունքից հարված» էր որակել, որն արվել է հօգուտ ահաբեկիչների։










