Հայաստանի կաթոլիկները ևս այսօր կեսգիշերին կտոնեն Հիսուս Քրիստոսի ծնունդը
Ավելի քան 1,5 միլիարդ հետևորդ ունեցող կաթոլիկ աշխարհը կեսգիշերին կտոնի Հիսուս Քրիստոսի ծնունդը: Հայաստանում այսօր սուրբծննդյան տոնին մասնակից կլինեն 150 000-ից ավելի կաթոլիկ հայեր:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց Տաշիրի տարածաշրջանի հոգևոր հովիվ, վարդապետ Հայր Ներսես Գալստյանը։ Նա ասաց, որ այսօր երեկոյան սուբծննդյան ճրագալույցի արարողությամբ կսկսեն տոնել ճիշտ այնպես, ինչպես Հայ առաքելական եկեղեցում է ճրագալույցի արարողությունը սկսվում հունվարի 5-ի երեկոյան:
Հայր Ներսեսը նշեց, որ տոնը կաթոլիկների համար սկսվում է եկեղեցուց, ապա շարունակվում ընտանիքում: Իսկ մինչև ճրագալույցը կաթոլիկ հավատացյալները գտնվում են պահքի մեջ:
Ճրագալույցից հետո արդեն կեսգիշերին նրանք նստում են տոնական սեղանների շուրջ:
«Տոնական սեղաններ ասելով՝ չենք մոռանում, որ հայեցողության մեջ է գտնվում աստվածահայտնության տոնը, բայց չի արգելվում ուրախությամբ ու ցնծությամբ ուրախանալ Հիսուս Քրիստոսի ավետիսով»,-ասաց նա:
Հայր Ներսես Գալստյանը նշեց, որ կաթոլիկներն ավելի նախապատվություն են տալիս Սուրբ ծննդյան տոնին, քան Նոր տարուն:
«Ինքս հայաստանցի եմ և ընտանիքս, ծնողներս սովորություն ունեն, ինչպես ընդունված է այստեղ, հնարավորինս տոնել Նոր տարին, բայց կաթոլիկ որպես, նախ և առաջ կարևորում ենք Սուրբ Ծնունդը, չմոռանալով, որ մինչև հունվարի 6-ը աստվածահայտնության տոն է, որը տոնում ենք մեծ ուրախությամբ ու ոգևորությամբ»,-ասաց նա:
Հայր Ներսես Գալստյանը շնորհավորանքն է՝ լինել Աստծո սիրո կրողները. «Յուրաքանչյուր մարդու, առավել ևս քրիստոնյայի համար այն մեծ սերը, որը Աստված իր որդու միջոցով փոխանցեց մեզ, այդ սիրո կրողները լինենք: Աստված մեզ հետ լինի և ամենաառաջինը կմաղթեմ, որ հայ ազգը խաղաղության մեջ լինի և Աստծո սիրով զորացած, հավատքով զորացած և բոլոր ձևի մարտահրավերներից դուրս գա հաղթանակած»:










