Գլենդեյլում հայ թմրավաճառ է ձերբակալվել. առգրավվել է 9 կգ ափիոն, 1 կգ հերոին (լուսանկար)

11:06 • 24.12.15

ԱՄՆ-ի Գլենդեյլ քաղաքի ոստիկանությունը ձերբակալել է նույն քաղաքի 55-ամյա բնակիչ Մարտիկ Բաղոմյանին, ում տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 9 կգ ափիոն, 1 կգ հերոին, մոտ 200 գր կապույտ և մանուշակագույն մետամֆետամին:

 

Ինչպես հայտնում է latimes.com կայքը, բացի այդ, տան խուզարկության արդյունքում իրավապահները հայտնաբերել և առգրավել են կշեռք, փաթեթավորման պարագաներ և թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելը փաստող այլ ապացույցներ:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Բաղոմյանը հայտնվել է իրավապահների տեսադաշտում դեռևս անցած տարի, երբ ձերբակալվել էր 14 կգ ափիոն պահելու համար։ Սակայն այդ ժամանակ Բաղոմյանին ազատ էին արձակել գրավի դիմաց:

 

Գլենդեյլի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Բալյանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ հետևել է Բաղոմյանին, և այդ ընթացքում բազմաթիվ բողոքներ է ստացել տղամարդու հարևաններից` վերջինիս հանցավոր գործունեության հետ կապված:

 

«Ափիոնի ու հերոինի գործ անող այս մարդը բազմաթիվ ընտանիքներ է քանդում Գլենդեյլում, Բրբենքում ու հարակից քաղաքներում: Ես գտնում եմ, որ թմրանյութերից կախվածություն ունեցող մարդիկ ավելի լավ կանեին գնային ու բուժվեին»,-նշել է իրավապահը:

 

Աղբյուրը հավելում է, որ այս անգամ Բաղոմյանն այլևս հնարավորություն չի ունենա ազատ արձակվել գրավի դիմաց:

Police make 'large' drug seizure at Glendale home

 

Գլենդեյլում հայ թմրավաճառ է ձերբակալվել. առգրավվել է 9 կգ ափիոն, 1 կգ հերոին (լուսանկար)