«Միսս Տիեզերք»՝ ընդամենը 2 րոպեով. Կոլումբիայի ներկայացուցիչը խոսել է մրցույթում տեղի ունեցած սկանդալի մասին

09:57 • 24.12.15

Ամբողջ աշխարհում քննարկում են Լաս Վեգասում կիրակի անցկացված «Միսս Տիեզերք- 2015» գեղեցկության մրցույթի ժամանակ տեղի ունեցած սկանդալը, որի հաղորդավարը սխալվել է հաղթողի անունը հայտնելիս և հաղթող հայտարարել Կոլումբիայի ներկայացուցչին` ֆիլիպինուհու փոխարեն: Երբեք և ոչ մի տեղ ոչ ոք նման դաժան սխալ թույլ չէր տվել, գրում է Комсомольская правда-ն:

 

Արիադնա Գուտյերես Արևալոն ընդամենը մի քանի րոպե կարողացել է զգալ հաղթանակի համը, ինչից հետո զրկվել է բաղձալի թագից։ Եվ միայն 3 օր անց 21-ամյա գեղեցկուհին առաջին անգամ մեկնաբանել է տեղի ունեցածն իր միկրոբլոգում` դիմելով աշխարհին:

 

«Փոթորկից հետո լռություն է գալիս: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, ով աջակցության նամակ է գրել ինձ: Ձեզանից յուրաքանչյուրն անհավանական մարդկային որակներ է դրսևորել։ Այդ պատճառով էլ ես ինձ ամենահաջողակն եմ զգում: Ես շնորհակալություն եմ հայտնում ոչ միայն իմ համերկրացիներին, այլև բոլոր մարդկանց ամբողջ աշխարհից: Մեր ճակատագիրն արդեն գրված է: Եվ իմն այդպիսին էր: Ես պետք է բերեի այդ երջանկությունն իմ երկիր` դառնալով «Միսս Տիեզերք» միայն մի քանի րոպեով: Հենց այդ պատճառով էլ Կոլումբիայի և Լատինական համայնքի մասին այսօր խոսում են աշխարհի յուրաքանչյուր անկյունում»,- գրել է Արևալոն:

 

Նա շնորհավորել է Ֆիլիպիններին և շնորհակալություն հայտնել բոլորին սիրո, աջակցության և բարության համար:

 

«Միսս Տիեզերք»՝ ընդամենը 2 րոպեով. Կոլումբիայի ներկայացուցիչը խոսել է մրցույթում տեղի ունեցած սկանդալի մասին