Ուկրաինայում երբեք այնքան վատ չի եղել, որքան հիմա. Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Ուկրաինայի քաղաքացի և Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ նոր հայրենիքում ապրելու ողջ ընթացքում դեռ չի հանդիպել որևէ մեկին, ով կասեր, որ այժմ երկրում ավելի լավ է ապրելը, քան նախքան փետրվարյան հեղափոխությունը, փոխանցում է Комсомольская правда-ն:
«Ես Ուկրաինայում չեմ հանդիպել մի մարդու, որ ասի` Յանուկովիչի ժամանակից ի վեր կոռուպցիան երկրում նվազել է: Ավելին, ես ամեն օր լսում եմ, որ այժմ խաղադրույքներն ավելացել են: Ես չեմ հանդիպել փոքր կամ միջին բիզնեսի որևէ ներկայացուցչի, ով չկրկներ, որ այնքան վատ, որքան հիմա է, չի եղել երբեք, ո՛չ Կուչմայի, ո՛չ «նարնջագույն» հեղափոխության, ո՛չ Յանուկովիչի օրոք»,- ասել է Սաակաշվիլին:
Նահանգապետի թիմը հայտարարել է նաև «Շարժում հանուն Ուկրաինայի մաքրման» արտակուսակցական շարժման ստեղծման մասին, որը կպայքարի երկրում կոռուպցիայի դեմ:
«Մենք սկսում ենք Ուկրաինայի թարմացումը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Նա պարզաբանել է, որ նոր շարժումը ստեղծվում է «ոչ որևէ քաղաքական գործչի կամ որևէ քաղաքական կուսակցության համար»։










