Երևանյան բուքմեյքերական գրասենյակում կատարված սպանության գործով մեղադրյալ է ներգրավվել (լուսանկար)

10:55 • 25.12.15

ՀՀ ոստիկանությունը պարզել է դեկտեմբերի 24-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Գուդ վին» բուքմեյքերական գրասենյակում կատարված սպանության մեջ մեղադրվողին:

 

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ Շենգավիթի բաժնի ծառայողները Երևան քաղաքի վարչության և քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ և կատարված նախաքննությամբ պարզվել է , որ սպանությունը կատարել է 1983 թ. ծնված, նախկինում դատված Կարեն Շ.-ն, ով ավազակությամբ, գույք հափշտակելու նպատակով հարձակում կատարելու դիտավորությամբ, դեկտեմբերի 24-ին, ժամը 01.00-ից 02.00-ն, ընկած ժամանակահատվածում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է Արթուր Նազարյանի  որովայնին, պարանոցին և կրծքավանդակին, սպանել նրան ու հափշտակել գումար: 

 

Դեկտեմբերի 24-ին Կարեն Շ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: Քննությունը շարունակվում է:
 

Ինչպես Tert.am-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քրեական գործով ձեռնարկված գործողությունների արդյունքում պարզվել են դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ավազակային հարձակման և աշխատակից Արթուր Նազարյանի սպանության դեպքով մի շարք հանգամանքներ և առևերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
 

Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ նույն օրը, քննիչը որոշում է կայացրել որպես մեղադրյալ ներգրավելու մասին 32-ամյա մի տղամարդու, ում հայտնաբերելու ուղղությամբ, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:

 

Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հրապարակման ենթակա չեն:

Երևանյան բուքմեյքերական գրասենյակում կատարված սպանության գործով մեղադրյալ է ներգրավվել (լուսանկար)