Լույսը կհաղթի խավարին. Էլիզաբեթ 2-րդն այսօր հանդես կգա սուրբծննդյան ճառով
Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն այսօր պատրաստվում է հանդես գալ ամենամյա սուրբծննդյան ճառով, որի ժամանակ կոչ է անելու մարդկանց հույսը չկորցնել, հավատալ բարու հաղթանակին:
Ինչպես նշում է The Guardian-ը, թագուհու ելույթի տեքստի մի մասը ժամանակից շուտ հրապարակել է Բուքինգհեմյան պալատը:
Տեքստում տարեց միապետն ընդգծում է, որ «անցնող տարին, ցավոք, հարուստ էր ողբերգական իրադարձություններով, սակայն պետք է հավատալ, որ լույսը կհաղթի խավարին»։
«Սուրբ Ծնունդն այն ժամանակաշրջանն է, երբ աստվածային լույսը մխրճվում է խավարի մեջ, և խավարն ի զորու չէ հաղթել դրան»,- նշվում է տոնական ուղերձում:
Բրիտանական պարբերականը հավելում է, որ սա կլինի Էլիզաբեթ 2-րդի 63-րդ սուրբծննդյան ճառը։










