Մայրաքաղաքում ընթանում են ձնամաքրման աշխատանքներ. Երևանի քաղաքապետարան
Աննախադեպ ծավալներով ձյան տեղումների դադարից հետո մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են փողոցների և մայթերի ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները։ Ձյան շերտից ազատվում են նաև կանգառասրահների հարակից տարածքները և վերգետնյա ու ստորգետնյա հետիոտն անցումների աստիճանահարթակները: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Մեքենամեխանիզմներով ձնամաքրման աշխատանքներ են մեկնարկել նաև բակային տարածքներում:
Ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ` բոլոր տարածքները նաև մշակվում են աղի ու ավազի խառնուրդով: Սանմաքրման աշխատանքներն իրականացնող «Սանիտեք» ընկերության աշխատակիցներից զատ, աշխատանքներին շուրջօրյա ռեժիմով շարունակում են մասնակցել նաև վարչական շրջանների կոմունալ և կանաչապատման ծառայությունների աշխատակիցներն ու համատիրությունների ներկայացուցիչները, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Իրականացվող աշխատանքները համակարգվում և վերահսկվում են վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:










