Ուկրաինայում արգելել են «Վարպետը և Մարգարիտան» սերիալը և Վլադիմիր Վիսոցկու մասին ֆիլմը

12:27 • 19.02.16

Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալությունը վարձութային վկայագրերից և պետական գրանցումից զրկել է ռուսական 21 ֆիլմ ու սերիալ, որոնք ստեղծվել են Սերգեյ Բեզռուկովի, Ֆյոդոր Բոնդարչուկի, Օլեգ Գազմանովի և Իոսիֆ Պրիգոժինի մասնակցությամբ: Այս մասին հայտնել է գերատեսչության ղեկավար Ֆիլիպ Իլյենկոն, փոխանցում է meduza.io-ն:

 

Մասնավորապես՝ արգելքի տակ են հայտնվել «Տոնածառեր- 2», «Բնակելի կղզի», «Ստալինգրադ», «Ես մնում եմ», «Վիսոցկի. Շնորհակալություն, որ ողջ ես», «Վարպետը և Մարգարիտան» սերիալը։
Իլյենկոյի խոսքով` ներկայում Ուկրաինայում արգելված է 423 ֆիլմ և սերիալ:

 

«Մոտ ժամանակում այդ աշխատանքը կշարունակվի»,- նշել է պաշտոնյան:

 

2015թ. փետրվարին Ուկրաինայում ընդունվել է օրենք, որն արգելում է ռուսական այն ֆիլմերի ցուցադրությունը և տարածումը, որոնք թողարկվել են 2014թ. հունվարի 1-ից հետո: Արգելվել է նաև ցուցադրել ցանկացած ֆիլմ, որը քարոզում է ռուսական իրավապահ մարմինների և զինված ուժերի գործունեությունը։
 

Ուկրաինայում արգելել են «Վարպետը և Մարգարիտան» սերիալը և Վլադիմիր Վիսոցկու մասին ֆիլմը