Ռուսական առաջին ալիքը վավերագրական ֆիլմ կցուցադրի Էմի Ուայնհաուսի մասին
Ռուսական առաջին ալիքը կցուցադրի բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի կյանքի և ստեղծագործության մասին Ազիֆ Կապադիայի «Էմի» վավերագրական ֆիլմը, հաղորդում է ТАСС-ը:
«Ֆիլմը պատմում է աշխարհի մասին, որտեղ ապրել է բրիտանացի երգչուհին՝ նրա երգերի ինքնակենսագրական տեքստերի, ընտանիքի և ընկերների անձնական արխիվների տեսանյութերի, ինչպես նաև մտերիմ մարդկանց և գործընկերների հարցազրույցների միջոցով»,- նշել են հեռուստաալիքի մամուլի ծառայությունում:
Ֆիլմը ստեղծվել է յուրահատուկ նյութերի հիման վրա, որոնց որոնումների և հավաքման համար պահանջվել է երկար ժամանակ: Ֆիլմում կհնչեն նախկինում անհայտ երգեր և կցուցադրվեն կադրեր, որտեղ երիտասարդ Էմին ընկերների շրջապատում կատարում է իր առաջին երգերը: Ռեժիսորը մոտ հարյուր աուդիոհարցազրույց է հավաքել երգչուհու շրջապատում: Կինոքննադատների խոսքերով՝ Ուայնհաուսի պատմությունը շատ անձնական է ստացվել:
Ֆիլմը եթեր դուրս կգա մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով 00:15-ին: «Էմիի» համաշխարհային պրեմիերան կայացել է Կաննի կինոփառատոնին 2015 թվականի մայիսին:










