Իրանում 600 եկեղեցիներ կան, որոնցից 480-ը հայկական են. «Նոր Ջուղա» խորագրով գիտաժողով է անցկացվել
Իրանում 600 եկեղեցիներ կան, որոնցից 480-ը հայկական են. ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովին «Հայկական եկեղեցիները» թեմայով զեկույցը ներկայացնելիս նշեց Իրանից հետազոտող Շահեն Հովսեփյանը:
Ըստ նրա՝ եկեղեցիներից մի մասը լքված վիճակում են, բայց 80-ը դեռևս կանգուն ու բանուկ են։ Շահեն Հովսեփյանը նշեց, որ եկեղեցիները կառուցվել են բնիկ հայերի ու եկվոր գաղթական հայերի կողմից:
«Երկու պայմանով են կառուցվել, որ եկեղեցիները չունենային զանգատուն, և՛ խաչ, և՛ արտաքինից չնմանվեին հայկական եկեղեցու: Հայ վարպետն այնպիսի եկեղեցի պետք է կառուցեր, որը չնմանվեր ՀՀ-ում կառուցվող եկեղեցիների»,-ասաց նա: Հետազոտողի խոսքով՝ միայն Նոր Ջուղայում հայկական եկեղեցիների թիվը հասնում էր 25-ի:
Գիտաժողովի շրջանակներում ներկայացվեցին նաև թեմատիկ զեկույցներ «Տեղանունները Նոր Ջուղայի տապանագրերում», «Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները» և «Պատմականները» թեմաներով:
Շահեն Հովսեփյանը նշեց, որ գիտաժողովի նպատակն է ներկայացնել Նոր Ջուղան իր բոլոր ճարտարապետական շերտերով՝ տներ, եկեղեցիներ, բնակչություն:
Իրանի Սպահանի համալսարանի արվեստի ֆակուլտետի պրոֆեսոր Ահմադ Մոնթազերին, ով Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում և հարակից շրջաններում հայկական հուշարձանների հետազոտությամբ էր զբաղվել, լրագրողների հետ զրույցում խոսեց հայկական և պարսկական տների տարբերություններից: Ըստ նրա՝ հայկական տների սկզբում այգին է, և որից հետո տունն է՝ ընդհանուր սենյակներով, իսկ պարսկական տները բաժանված են երկու մասի՝ առաջին հատվածը հյուրերի համար է, իսկ մյուս մասն անջատված է՝ ընտանիքի համար: «Նկատի ունենալով Ջուղայի կլիման, որտեղ քարը քիչ է, կառուցվել են աղյուսով և կավով, և քարն ընդհանրապես չի օգտագործվել, նույն բանը նկատվում է եկեղեցիների պարագայում, երբ կառուցվել են աղյուսով և կավով»,-նշեց նա:
Թե ինչքանով են հայկական տների պահպանվել՝ Ահմադ Մոնթազերին ասաց, որ Ջուղայի շրջանում, երբ 1985թ-ին առաջին անգամ ուսումնասիրել են՝ մոտ 300 հայկական տներ կային հին շրջանից մնացած, բայց երբ այս տարի են գնացել ուսումնասիրելու, մնացել է ընդամենը 70 տուն:
Թե ինչ պատճառով են քանդվել՝ Իրանի գիտահետազոտողը շտապում է նշել, որ պետականորեն որևէ ավերածություն չի եղել: «Դա հիմնականում եղել է այն պատճառով, որ նախկին բնակիչը, որը Հին Ջուղայից է եղել, իր տունը վաճառել է որևէ մեկին, ում համար կարևոր չէ եղել հնություն պահպանելը, քանդել է և նորոգել են: Այդ տներից ազատվելը մեծ տարածում գտավ հատկապես Իրանի հեղափոխության ժամանակ, երբ պետություն չկար, անտեր վիճակ էր, և դա առիթ էր, որ շատերը գնան հնավայրերն ավիրեն և նոր շենքեր կառուցեն՝ եկամուտի նպատակով: Ազդել է նաև ավիրման վրա, բնիկ հին ջուղացիների արտագաղթն է եղել, և նրանց տեղը եկել են նոր հայեր, որոնք իրենց համար տան արժեքը չեն գնահատել, քանդել ու նոր բնակարան են կառուցել»,-ասաց նա:
Հիմա, ըստ նրա, արդեն պետականորեն որոշակի սահմանափակումներ են դրված՝ որպես մշակութային ժառանգություն Նոր Ջուղայի տարածքը պահպանելու նպատակով:
«Ներկա պահին, որ տները, որ հաջողվել է պահպանվել, երկու հարկից ավել չեն, նույնությամբ պահպանվել են, Սպահան քաղաքի ամենապահպանված շրջանը հնավայր է որպես, որը Նոր Ջուղայի ամենագեղեցիկ մասերից է, և կա ծրագիր, որ Նոր Ջուղայի տարածք ընդհանրապես մեքենաներ մուտք չգործեն՝ քայլելով մարդիկ կարողանա մտնեն տարածքը: Տներից տասը գնվել է, որը կլինի մշակութային զարգացման կենտրոններ, կա նաև պատմական տներից մեկը որպես համալսարան է գործում, որը Նոր Ջուղայի մշակույթով է զբաղվում»,-ասաց նա:
Ի դեպ, Ահմադ Մոնթազերին այսօր Իրանի Սպահան քաղաքի Նոր Ջուղա հայկական թաղամասում և հարակից շրջաններում հայկական հուշարձանների հետազոտման և պահպանման գործում մեծ ավանդի համար պարգևատրվեց ՀՀ քաղաքաշինության նախարարի շնորհակալագրով:










