Նոր Ջուղայում հին պատմական շենքերը ոչնչանում են, որովհետև հողամասի գինն այդպես 8 անգամ ավելի թանկ է. ճարտարապետ

15:55 • 29.02.16


Նոր Ջուղայի տարածքում մոտ 300 տարբեր շինություններից այսօր պահպանվել է մոտ հինգ տասնյակը, որից միայն 13-ն են ուսումնասիրված. այսօր Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից կազմակերպված «Նոր Ջուղա» խորագիրը կրող գիտաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ճարտարապետ Մարկո Բրամբիլան (ԱՄՆ): Ըստ նրա, հայերը դիտավորյալ հին տներին ուշադրություն չեն դարձնում և թողնում են դրանք ոչնչանան, քանի որ  առանց պատմական նշանակության շենքերի՝ հողամասի գինը ութ անգամ ավելի թանկ է:


«Իրանի կառավարությունը երկրի տարածքում գտնող հայկական մշակութային հուշարձանների պահպանման ուղղությամբ քայլեր իրականացնում է, սակայն այսօր Նոր Ջուղայում հենց հայերն իրենց տներին ուշադրություն չեն դարձնում, որպեսզի ավերվեն: Իրանում պատերազմ է գնում ոչ թե Իրանի կառավարության, այլ շուկայի հետ: Այսօր հայերը, դժբախտաբար, աղոթում են, որ օր առաջ իրենց շենքը փլվի: Նրանք չեն վերակառուցում իրենց տները տարիների ընթացքում: Հենց պատմական շենքը փլվում է, այլևս գոյություն չունի, հողամասի գինը ութ անգամ ավելի է թանկանում»,- նշեց նա:
Ըստ նրա, այսօր Իրանի տարբեր արխիվներում պահպանվում են Նոր Ջուղայի տների հատակագծեր, գծագրեր, լուսանկարներ, որոնք անհրաժեշտ է հավաքել, ուսումնասիրել, քանի դեռ ընդհանրապես չեն վերացել: «Այս աշխատանքը կարող է իրականացվել հայկական և պարսկական տարբեր ինստիտուտների համագործակցության միջոցով: Պետք է մի ծրագիր մշակվի, որպեսզի կարողանանք փրկել այդ գծագրերը»,- ասաց Մարկո Բրամբիլան:


Նշենք, որ Մարկո Բրամբիլան գիտաժողովին ներկայացրեց «Խոջայական ապարանքների գեղարվեստական հարդարանքները» թեման:


Ըստ նրա՝ հայ խոջաների տները հիմնական կառուցված են պարսակական ոճով, թեև կան նաև հայկական ճարտարապետության տարրեր: Ճարտարապետի խոսքով, հայտնի չէ, ովքեր են կառուցել այդ տները: Նա չբացառեց, որ հնարավոր է սկզբում դրանք կառուցված լինեն պարսիկ ճարտարապետների կողմից, մինչև որ հայերը հմտացել են այդ արվեստին: Խոջաների տների որմնանկարները, Բրամբիլայի խոսքով, հայ վարպետների աշխատանքներ են, քանի որ նրանք սովորել էին եվրոպական ոճով նկարչություն ու հիմնել էին դպրոց:

Նոր Ջուղայում հին պատմական շենքերը ոչնչանում են, որովհետև հողամասի գինն այդպես 8 անգամ ավելի թանկ է. ճարտարապետ