Պալմիրայի պատմական հուշարձանից գրեթե ոչինչ չի մնացել (տեսանյութ)

09:40 • 02.03.16

Պատմական ժառանգության փոխարեն` ավերակներ, խաղաղ բնակիչների փոխարեն` ահաբեկիչներ: Այն, ինչ մնացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձաններից մեկից` սիրիական Պալմիրա քաղաքից, այժմ կարելի է սեփական աչքերով տեսնել։

 

Շվեդ լրագրողները թաքնված տեսախցիկով նկարահանել են այն ամենը, ինչ մնացել է վաղ անտիկ շրջանի ամենահարուստ քաղաքներից մեկից, փոխանցում է Вести-ն:

 

«Դա սարսափելի է, լացելու ցանկություն է առաջանում: Այստեղ կանգուն է եղել Բաալ Շամինի տաճարը, այժմ նրանից միայն մի քանի սյուն է մնացել»,- պատմել է Խալիլ Խարիրին` Պալմիրայի թանգարանի տնօրենը:

 

Արդեն մեկ տարուց ավելի է՝ Պալմիրան գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հսկողության տակ: Նրանք քաղաքը գրավել են գրեթե մի քանի օրվա ընթացքում: Բնակիչները փրկվել են փախուստի դիմելով, սակայն մոտ 500 մարդ հայտնվել է ծայրահեղականների ձեռքում:

 

«Նրանք կարծում էին, որ Պալմիրայում տոննաներով ոսկի կգտնեն: Նրանք ցանկանում էին մի բան` հարստանալ: Նրանք փորձում էին իմանալ՝ որտե՞ղ են թաքնված գանձերը, սակայն երբ չգտան` սկսեցին տանջել մարդկանց և քանդել Պալմիրան»,- հիշում է Խարիրին:

 

Նրա խոսքով՝ դա մեծ կարուստ է ինչպես մշակութային, այնպես էլ` պատմական, մեծ կորուստ է ամբողջ աշխարհի համար, ոչ միայն Սիրիայի և Պալմիրայի բնակիչների համար:

 

Այժմ, ինչպես պատմում են շվեդ լրագրողները, Պալմիրան վերածվել է ուրվական-քաղաքի: Տները քանդված են, ահաբեկիչները չեն երևում տեսանյութում, սակայն զգացվում է նրանց ներկայությունը: Իսկ ժամանակին դա եղել է իսկապես հարուստ և շքեղ քաղաք, որտեղ ապրել է մոտ 70.000 մարդ:

 

 

Պալմիրայի պատմական հուշարձանից գրեթե ոչինչ չի մնացել (տեսանյութ)