Հայուհիների ու իտալուհիների նմանությունները՝ իտալական ֆիլմերի փառատոնում

14:15 • 02.03.16


Հայաստանում Իտալիայի դեսպանության նախաձեռնությամբ Երևանում տեղի կունենա «Իտալական Կինոյի Շաբաթ», որտեղ ներկայացված կլինեն իտալական կինոարվեստի վերջին գործերից։ 

 

Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանության գործերով ժամանակավոր հավատարմատար Մաուրիցիո Կրոչելլին, հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա հետևել ֆիլմերին մարտի 7-ից «Մոսկվա» կինոթատրոնում։ Հինգ օր շարունակ ցուցադրվելու է 5 հինգ ֆիլմ՝ 18:00-ից։

 

Դեսպանության մշակութային հարցերով կցորդ, Երևանի պետական համալսարանի դասախոս Լաուրա Պաչենտին ասաց, որ քանի որ մարտ ամիսը կանանց միջազգային օրն է, ապա որոշվել է ֆիլմերը նվիրել կանանց խնդիրներին, ցուցադրել այն ֆիլմերը, որոնց առանցքում կինն է։
 

«Ֆիլմի կենտրոնում կինն է։ Մեծ էկրանին կցուցադրվի կանանց համապարփակ աշխարհը։ Կտեսնեք տարբեր տեսակի կանանց՝ ուժեղ, թույլ, մայր, քուրր, սիրուհի․․․ Այն բոլոր կերպարներին, որոնց մենք տեսնում ենք ամեն օր մեր շրջապատում։ Ի տարբերություն այն ֆիլմերի, որոնք ընդունված էին 80-ականներին, այժմ կինոարվեստում կինը ներկայացված է ստերեոտիպներից դուրս․նա միայն մայր կամ միայն տնային տնտեսուհի չէ»,- պատմեց Հայաստանում Իտալիայի դեսպանության մշակութային հարցերով կցորդը։
 

Քանի որ տիկին Լաուրա Պաչելին, ով ԵՊՀ-ում դասավանդում է ու առնչվում հայ աղջիկների, կանանց, Tert.am-ը հետաքրքրվեց՝ իտալուհիների ու հայուհիների միջև նմանություններ կա՞ն։ «Ես ամեն օր առնչվում եմ հայ կանանց կարիքներին, խնդիրներին, ուստի կարծում եմ, որ այս ֆիլմերը նրանց դուր կգան, իրենք կգտնեն իրենց։ Այնպես չէ, որ իտալուհին պետք է հայ կնոջն ինչ-որ բան սովորեցնի։ Պարզապես հայ կինը դիտելով այս ֆիլմերը կարող է ինքն իրեն ճանաչել, նույնականացնել խնդիրները։ Կանանց խնդիրներն այդքան էլ տարբեր չեն։ Գուցե դրանք առաջանում կամ իրենց լուծումն են ստանում տարբեր ժամանակահատվածներում»,- հավելեց Պաչելին։

 

Ի դեպ, ֆիլմերից երկուսը, Պաչենտայի խոսքով, նկարահանվել են կանանց կողմից։ Մարտի 7-ին կցուցադրվի՝ «Ամուսնություններ և այլ աղետներ» ֆիլմը, 8-ին՝ «Աստծո ողորմությամբ», 9-ին՝ «Երջանկության աթոռը», 10-ին՝ «Առաջին նշանակումը», 11-ին՝ «Հեռու մնա ինձնից»։

 

Ֆիլմերը կցուցադրվեն անգլերեն ենթագրերով, մուտքը ազատ է։
 


 

Հայուհիների ու իտալուհիների նմանությունները՝ իտալական ֆիլմերի փառատոնում