Բեն Աֆլեքը երկրպագուի հետ զբոսնել է «Բեթմոբիլով» լոսանջելեսյան ստուդիայում (տեսանյութ)
Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքն իր անակնկալ այցով զարմացրել է Լոս Անջելեսի Warner Brothers ստուդիայում անցկացվող էքսկուրսիայի մասնակիցներին:
Ինչպես գրում է Aceshowbiz.com կայքը, Աֆլեքը դուրս է եկել ստուդիայում գտնվող «Բեթմոբիլից», երբ այցելուները զբոսնելիս են եղել այնտեղ: Երբ այցելուներից մեկը կասկածել է, որ դերասանն իրական է, Աֆլեքը թույլ է տվել դիպչել իր դեմքին:
Այնուհետև «Բեթմենի» դերակատարը «Բեթմոբիլով» զբոսնել է այցելու երեխաներից մեկի հետ և ցույց տվել, թե ինչպես է պետք վարել մեքենան «չար մարդկանց հաղթելու համար»:
Տեսանյութը համացանցում է տեղադրվել Աֆլեքի և «Սուպերմենն ընդդեմ Բեթմենի. Արդարության լուսաբացին» ֆիլմի մյուս դերասանների կազմակերպած բարեգործական ակցիայի շրջանակներում: Նվիրատվություն կատարած երկրպագուները կկարողանան լուսանկարվել, մեքենա կամ ուղղաթիռ վարել դերասանների հետ Նյու Յորքում ֆիլմի պրեմիերայի ժամանակ:










