Գյումրիում կկայանա «Վերածնունդ» 8-րդ միջազգային մրցույթ-փառատոնը
2016թ. Ապրիլ ամսին Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում կկայանա երաժիշտ-կատարողների «Վերածնունդ»միջազգային VIII մրցույթ-փառատոնը:Միայն մասնակիցների քանակը և մասնակից երկրների աշխարհագրությունը վկայում է այն մասին, որ «Վերածնունդ» մրցույթ-փառատոնը դարձել է Հայաստանի Հանրապետության մանկական և երիտասարդական երաժշտական արվեստի խոշորագույն միջազգային տոնահանդեսը, որին կմասնակցեն ավելի քան 3000 մարդ աշխարհի շուրջ 40 երկրներից: Մրցույթ-փառատոնի հիմնական նպատակն է նպաստել տարբեր ազգերի և ժողովուրդների մշակույթների մերձեցմանը, մշակույթի միջոցով ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, մշակութային կյանքի զարգացմանը ՀՀ մարզերում: Մրցույթ-փառատոնի կազմակերպիչներն են Մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» համահայկական հիմնադրամը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն ՀԿ-ն:Փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ մշակույթի նախարարությունը և Գյումրու քաղաքապետարանը:
Մրցութային ծրագրի ունկընդրումները անցկացվում են Գյումրու մշակութային և ուսումնական հաստատություններում 14 անվանակարգերով (դաշնամուր, լարային գործիքներ, փողային գործիքներ, ակադեմիական երգեցողություն, կամերային անսամբլ, ազգային երգեցողություն, ժողովրդական գործիքներ, էստրադային երգեցողություն և էստրադային նվագախմբի գործիքներ, երգչախումբ, կոմպոզիցիա, պարարվեստ):Մասնակիցները հանդես են գալիս հինգ տարիքային խմբերով:Մասնագիտական հանձնաժողովների կազմում ընդգրկվում են 70-ից ավելի արվեստի ճանաչված գործիչներ աշխարհի տարբեր երկրներից:










