Գիտնականները պնդում են, որ պարզել են բրիտանացի արվեստագետ Բենքսիի ինքնությունը
Մարիա թագուհու անվան Լոնդոնի համալսարանի քոլեջի գիտնականները կարողացել են պարզել փողոցային գրաֆիտիստ Բենքսիի ինքնությունը։ Նա Բրիստոլի հանրային դպրոցի շրջանավարտ Ռոբին Քանինգեմն է: Հեղինակների հետազոտությունը հրապարակվել է Journal of Spatial Science ամսագրում, հայտնում է The Independent-ը։
Իրենց աշխատանքում գիտնականներն օգտագործել են աշխարհագրական պրոֆիլավորում, որը թույլ է տալիս պարզել մարդու ինքնությունն այն վայրերով, որտեղ նա առավել հաճախ է այցելում: Մասնագետներն ուսումնասիրել են Լոնդոնի և Բրիստոլի մոտ 140 վայր, որտեղ կարելի է նկատել արվեստագետի աշխատանքների ներկայությունը:
Պարզվել է, որ այդ վայրերը համընկնում են այն ակումբների, ֆուտբոլային դաշտերի և տան հասցեների հետ, որտեղ հաճախ ներկա է եղել Քանինգեմը:
Այն, որ նա է խորհրդավոր արվեստագետը, սկսել են կասկածել դեռ 2008 թվականին: Մասնավորապես՝ համարվում էր, որ արվեստագետի իսկական անունը Ռոբերտ է կամ Ռոբին:
Շատ փորձագետների կողմից Բենքսին համարվում է փողոցային արվեստի և քաղաքական ակտիվիզմի առավել վառ ներկայացուցիչ: Նրա որոշ աշխատանքների արժեքը գնահատվում է 1 միլիոն դոլար:










