Առաջին տիկնոջ հրավերով Նիկոլայ Բասկովը երգեց միայն հայ կանանց և աղջիկների համար
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր հանդիսականները միայն կանայք և աղջիկներն էին: Նրանք ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հրավերով ներկա էին «Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովի մենահամերգին: Առաջին տիկնոջ նվերը կանանց տոնին ընդառաջ արդեն ավանդույթ է դառնում:
ՌԴ ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովը բեմից խոստովանեց, որ իր համար հաճելի է Հայաստանում հանդես գալ մենահամերգով առաջին տիկնոջ հրավերով, ու հատկապես, որ հանդիսականները միայն կանայք են: Նա առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց Ռիտա Սարգսյան նման հնարավորություն ընձեռելու համար:
Բասկովը հայ կանանց շնորհավորեց տոնի առիթով և նշեց՝ «Տղամարդու համար ամենացանկալին այս կյանքում ուրախ, ժպտացող կանացի աչքեր տեսնելն է»:
Ռիտա Սարգսյանը համերգին հրավիրել էր մշակույթի, կրթության, գիտության, հասարակական-քաղաքական ոլորտում գործունեության ծավալող կանանց և աղջիկների:
Համերգին ներկա ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հաճելի է, որ Մարտի 8-ի կապակցությամբ նման հավաքն արդեն ավանդական է դարձել:
«Այստեղ հանդիպում ենք մեր հանրապետության գրեթե բոլոր ճանաչված կանանց: Հպարտանում եմ, որ այսպիսի կանայք ունենք։ Ցանկանում եմ նրանց երկար կյանք, առողջություն, որպեսզի միշտ նրանց ուղեկցի հաջողությունները, ժպիտը, երջանիկ լինեն »,- ասաց նա:
ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի մաղթանքը հայ կանանց այն է, որ մշտապես լինեն սիրված ու գնահատված: Քաղաքական գործիչը խոստովանեց՝ ինքը տոնամոլ չէ, իր համար Մարտի 8-ը հատուկ օր չէ: «Սովորական օր է: Չեմ կարծում, որ կանանց պետք է Մարտի 8-ից Ապրիլի 7- ընկած ժամանակահատվածում մեծարել»,- ասաց Զոհրաբյանը՝ հավելելով, որ այսօր եկել է այս երեկոյին՝ լսելու լավ երաժշտություն:
Հայրենական Մեծ պատերազմի մասնակից Նելլի Շիմշիրյանն էլ ասաց, որ արդեն սպասում է առաջին տիկնոջ հրավերին և ամեն տարի մեծ հաճույքով գալիս է Մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված համերգին: «Հայաստանի նախագահի տիկնոջ կողմից ամեն տարի հրավեր եմ ստանում: Հաճելի է, երբ քեզ մշտապես հիշում են»,- ասաց պատերազմի մասնակից վետերանը:












