Ղրիմի իշխանությունները մշտապես արգելել են «ԿաԶանտիպ» փառատոնի անցկացումը
Ղրիմի իշխանությունները որոշում են կայացրել երբեք այլևս թերակղզում չանցկացնել «ԿաԶանտիպ» և դրան հարակից երաժշտական փառատոները:
Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն` այս մասին մարտի 4-ին տեղեկացրել է դատախազ Նատալյա Պոկլոնսկայան` նշելով, որ արգելքը սահմանվում է ելնելով անվտանգության նկատառումներից:
«Պետությունը դեմ չէ տարատեսակ երիտասարդական ակցիաներին, սակայն ամեն ինչ պետք է օրենքի շրջանակներում լինի: Այս առումով «ԿաԶանտիպը», Befooz-ը և այլ փառատոններ խառը պատկեր են ցույց տվել»,- ասել է դատախազուհին:
«ԿաԶանտիպն» առաջին անգամ անցկացվել է 1992-ին և մի քանի տարում դարձել է ռուսական էլեկտրոնային երաժշտության կենտրոնական իրադարձություններից մեկը: Սկզբնական շրջանում փառատոնն անցկացվում էր Ազովի ծովափնյա Կազանտիպ շրջանում, որտեղից էլ ստացել է իր անվանումը:










