Քըրքորյանի` Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը կարող է հայտնվել «Օսկար 2017-ի» հավակնորդների ցուցակում

00:17 • 05.03.16

The Playlist  ժամանցային պորտալը կանխատեսել է, որ Հայոց ցեղասպանության մասին պատմող երկար սպասված «Խոստումը» ֆիլմը` առաջատար  դերասաններ Օսկար Այզեքի և Քրիստիան Բեյլի մասնակցությամբ, կհայտնվի 2017 թվականի «Օսկարին» նախորդող Ակադեմիական մրցանակաբաշխության կարճ ցուցակում:

 

«Այս պահին ռեժիսոր Թերի Ջորջի «Խոստումը» ֆիլմը դեռևս նկարահանման փուլում է, սակայն դա երկար չի տևի: Առաջին հերթին, այն սիրո եռանկյունու մասին պատմող ֆիլմ է, որը համընկնում է Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին: Երկրորդ, ֆիլմում նկարահանվում են առաջատար դերասաններ, որոնք խաղը արժանի է գնահատականի», - Asbarez-ը մեջբերում է կայքում հրապարակված կարծիքը:


«Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Այզեքի և օսկարակիր դերասան Բեյլի մասնակցությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի նախաձեռնած  ֆիլմում  հաստատվել էր անցյալ ամռանը: Ֆիլմում նկարահանվելու են նաև Շառլոտ լը Բոնը, Ջեյմս Քրոմվելը,  Ժան Ռենոն և Անջելա Սարաֆյանը:


Նկարահանումներն սկսվել են անցյալ աշնանը` Իսպանիայի տարբեր քաղաքներում: Ֆիլմի պրեմիերան  նախատեսված է 2016-ի վերջին:


 

Քըրքորյանի` Ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմը կարող է հայտնվել «Օսկար 2017-ի» հավակնորդների ցուցակում