Հրաշք է, որ բոլորին հավաքել ենք մեկ բեմում. Վահան Մարտիրոսյանը «Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» համերգի մասին

14:29 • 07.03.16

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հրավերով «Արամ Խաչատրյան» համերգասրահում մարտի 9-ին, ժամը 19:00-ին տեղի կունենա «Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» խորագրով համերգին:


Համերգին ընդառաջ Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն ու մյուս երեք երաժիշտները լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասացին, որ անհամբերությամբ են սպասում համերգին, որի ընթացքում անակնկալ խոստացան ունկնդիրներին:


Համերգային երեկոյին կմասնակցեն դաշնակահարներ Գլորիա Կամպաները (Իտալիա), Տրիստան Պֆաֆը (Ֆրանսիա), Ֆրանսուա-Գզավյե Պոազան (Շվեյցարիա):


««Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» նախագիծն առաջին անգամ Հայաստանում կատարվել է 1,5 տարի առաջ: Միտքը ծագել է Շվեյցարիայում, Ֆրանսուա-Գզավյե Պոազանի փառատոնի ընթացքում, չորս դաշնակահարով կատարեցինք Բախի կոնցերտը: Հայաստանում մեր համերգը մեծ հաջողություն ունեցավ, շատ ուրախ էինք և զարմացած: Որոշեցինք ավանդական դարձնել նախագիծը: Ամեն տարի չէինք ցանկանում նույն կազմով հանդես գալ, որոշեցինք փոփոխել նաև մասնակիցների կազմը»,- ասաց Վահան Մարտիրոսյանը՝ հավելելով նաև, որ ստեղծագործությունների մեծ մասը մշակված է հատուկ համերգի համար:


Վահան Մարտիրոսյանն ասաց, որ «Չորս դաշնամուրով համերգ կազմակերպելու նախագիծը Բախի ժամանակվանից գոյություն ունի, այսինքն` մոտավորապես 300 տարի:


«Միակ դժվարությունն է ունենալ չորս գործիք և չորս դաշնակահար միաժամանակ բեմի վրա: Նախ դժվար է այնպիսի բեմ գտնել, որի վրա միաժամանակ չորս դաշնամուր տեղավորվի, նաև պետք է այնպիսի օր գտնել, որ չորս դաշնակահարն էլ ազատ լինեն: Մենք ամեն մեկս մեր կարիերան ունենք, առաջ ենք շարժվում, դժվար է բոլորին հավաքել նույն օրը նույն վայրում: Հրաշք է, որ կարողացել ենք բոլորին հավաքել մեկ բեմում»,- ասաց Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը՝ միաժամանակ նշելով, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի բեմը բավականին մեծ է և առկա է չորս գործիք:


Ֆրանսիայից, Իտալիայից և Շվեյցարիայից ժամանած դաշնակահարներն էլ ասացին, որ անհամբերությամբ են սպասում համերգին:


Նշենք նաև, որ ասուլիսի ընթացքում դաշնակահարները կատարեցին Բրամսի վալսերից ` անակնկալ մատուցելով կանանց:

Հրաշք է, որ բոլորին հավաքել ենք մեկ բեմում. Վահան Մարտիրոսյանը «Չորս դաշնամուր՝ մեկ բեմում» համերգի մասին