Մոսկվայում բացվել է «Հայաստան. լինելիության լեգենդներ» ցուցահանդեսը
ՌԴ և Հայաստանի մշակույթի նախարարներ Վլադիմիր Մեդինսկին և Հասմիկ Պողոսյանը Ռուսաստանի Պատմության պետական թանգարանում ներկա են գտնվել «Հայաստան. լինելիության լեգենդներ» ցուցահանդեսի բացմանը, որում ներկայացված են ավելի քան 160 եզակի ցուցանմուշներ:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ցուցադրվող իրերի ցանկում տեղ են գտել ցուցանմուշներ Հայաստանի 3 առաջատար թանգարաններից` Հայաստանի պատմության թանգարանից, Սուրբ Էջմիածնի թանգարաններից և Մատենադարանից:
«Այն փաստը, որ 160 եզակի ցուցանմուշներ, որոնք ներկայացնում են հայկական պետության զարգացման բոլոր փուլերը, ցուցադրվում են այստեղ, հոյակապ է», - ասել է ՌԴ մշակույթի նախարարը:
Նշվում է, որ Հասմիկ Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով է պարգևատրել ՌԴ Պատմության թանգարանի տնօրեն Ալեքսեյ Լևիկինին:
Ցուցադրության ներկայացված հնագույն իրերի թվում են Ուրարտուի հուշարձանները` սեպագիր արձանագրություններ, աստվածների բրոնզե արձանիկներ, կերամիկական իրեր, զինատեսակներ:
Հայոց պատմության Հելլենիստական շրջանը ներկայացված է մ.թ.ա. 4-2-րդ դարերի կոթողներով, որոնց թվում են Աֆրոդիտե աստվածուհու մարմարե արձանը:
Հայաստանի պատմության թանգարանը տրամադրել է ժամանակակից Հայաստանում հայտնաբերված գտածոներ` ծիսակարգային սափորներ, կենդանակերպ կավե անոթներ ու քանդակներ:
















