Էլվիս Փրեսլիի ժառանգները Լաս Վեգասի խաղատնից պահանջում են վերադարձնել երգչի իրերը
Էլվիս Փրեսլիի ժառանգները դիմել են դատարան, նրանց նպատակն է Լաս Վեգասի խաղատներից մեկից ռոք-ն-ռոլի արքայի հարյուրավոր իրերը հետ ստանալը: Այդ իրերը վարձակալությամբ տրամադրվել են ցուցադրության համար և անօրինական յուրացվել են «Ուեսթգեյթ» հյուրանոցային-խաղային համալիրի կողմից: Այս մասին հայտնել է Elvis Presley Enterprises ընկերությունը, որը ղեկավարում է երգչի կարողությունը:
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, «կռվախնձոր» են դարձել բեմական հագուստները, աքսեսուարները, անձնական նամակները և հարյուրավոր այլ նմուշներ՝ Փրեսլիի թանգարանից: Հյուրանոցն այդ իրերը վարձակալել է սեփական ցուցադրության համար, որը բացվել է մեծ շուքով, սակայն փակվել է փետրվարին` քիչ այցելությունների պատճառով:
Հայցորդը վստահեցնում է, որ հյուրանոցային համալիրը հրաժարվում է վերադարձնել նմուշները և, ըստ էության, յուրացրել է դրանք: Elvis Presley Enterprises-ը պահանջում է դատարանից վերադարձնել նմուշները, տուգանել ընկերությանը և պարտավորեցնել վճարել փոխհատուցում՝ հասցված վնասի համար: Ընկերությունը չի նշել փոխհատուցման չափը:
Հյուրանոցի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Ուոլթրիփը հրաժարվել է մեկնաբանել գործը:










