Գյումրիում կտեղադրվի Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձան
«Հեղինակն ազատ է իր երևակայության, քարի ընտրության մեջ, բայց պետք է հաշվի առնել տեղանքը: Ժյուրին կնայի առաջարկները, որից հետո այն կդրվի նաև հանրային քննարկման»,- նշեց Հենրիկ Գասպարյանը:
Գյումրին կհարստանա ևս մեկ արձանով. հայ նշանավոր ռեժիսոր, թատերական գործիչ Վարդան Աճեմյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի նախագծի համար արդեն հայտարարված է բաց մրցույթ ինչպես Գյումրու քաղաքապետարանի, այնպես էլ ՀՀ մշակույթի նախարարության կողմից:
Հուշարձանը պետք է արտահայտի հայ նշանավոր ռեժիսորի կերպարը, նրա նշանակալից ստեղծագործական ներդրումը հայ թատերական արվեստում, ավանդը Գյումրու թատրոնում: Հուշարձանը տեղադրվելու է Գյումրու թատերական հրապարակում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը, թեև առանձնացված հողատարածքի սահմանները նշված են թատերական հրապարակի հատակագծում, սակայն հեղինակները, ելնելով իրենց կողմից ներկայացվող հուշարձանի ճարտարապետական և գաղափարական հորինվածքից, ինչպես նաև չափերից և ընտրված նյութից, կարող են առաջարկել նաև այլ հողամաս՝ հրապարակի սահմաններում:
Հուշարձանի գաղափարական հորինվածքը, չափերը և նյութի ընտրությունը թողնվում են հեղինակի հայեցողությանը: Հուշարձանի դիրքն ու չափերը պետք է նպաստեն տարածության մեջ մասշտաբի առումով դրա ճիշտ ընկալմանը` չխոչընդոտելով հրապարակում գոյություն ունեցող մյուս հուշարձանների ընկալմանը: «Հեղինակն ազատ է իր երևակայության, քարի ընտրության մեջ, բայց պետք է հաշվի առնել տեղանքը: Ժյուրին կնայի առաջարկները, որից հետո այն կդրվի նաև հանրային քննարկման»,- նշեց Հենրիկ Գասպարյանը:
Մրցութային առաջարկությունները պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան 2016թ. մարտի 31-ը:










