ԱՄՆ-ի իշխանությունները ռեփեր 50 Cent-ին կասկածում են եկամուտները թաքցնելու համար
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությանը կից Անվճարունակության հարցերով ծառայությունը խնդրել է դատարանին հանձնաժողով ստեղծել` ամերիկացի ռեփեր Քերթիս Ջեյմս Ջեքսոնի (50 Cent) եկամուտները ստուգելու նպատակով, ով նախկինում հայտարարել է սնանկացման մասին:
Այս մասին հայտնի է դարձել լսումների արդյունքների հիման վրա, որոնք կայացել են Հարթֆորդ քաղաքում և որոնց ներկա է եղել նաև անձամբ երաժիշտը, փոխանցում է РИА Новости-ն:
Երգչին դատարան կանչելու պատճառ են հանդիսացել մի քանի լուսանկարներ, որոնք նա հրապարակել է Instagram սոցկայքում: Նրանցում ռեփերը պատկերված է մեծ քանակությամբ 100 դոլարանոց թղթադրամների շուրջ: Քանի որ նախկինում ռեփերը հայտարարել էր սնանկացման մասին, իշխանությունները պահանջել են նրանից դատարանում բացատրել լուսանկարների ծագումը:
Նախարարությանը կից ծառայությունը կասկածել է, որ ռեփերը բոլորովին էլ սնանկ չէ և թաքցնում է իր եկամուտները:
Դատարանում 50 Cent-ի փաստաբանները հայտարարել են, որ լուսանկարում թղթադրամներն իրական չեն, իսկ իրենց պաշտպանյալն իսկապես ծայրահեղ դժվար ֆինանսական վիճակում է գտնվում:
Դատարանը դեռևս ոչ մի որոշում չի կայացրել` հաջորդ լսումները նշանակելով ապրիլի սկզբին:










