Հարյուր անգամ շքեղ շենք ենք ունենալու. Սոս Պետրոսյանը՝ կրկեսի բացման մասին

14:21 • 12.03.16

 

Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, «Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանն այսօր մամուլի ասուլիսին հայտնեց, որ կրկեսի բացումը տեղի կունենա հաջորդ տարի՝ մինչև հոկտեմբեր:

 

«Ես ձեզանից շատ եմ շտապում, մյուս տարվա մինչև հոկտեմբեր բացումը պետք է անենք: Ես ունեմ մեծ երազանք, սցենարը գրել եմ, թե ինչպես պետք է բացումը լինի»,- ասաց նա և նշեց, որ ցանկանում է, որպեսզի լիցենզավորված փառատոն լինի: Նա վստահեցրեց, որ հարյուր անգամ շքեղ շենք է լինելու։

 

Սոս Պետրոսյանը նշեց, որ վերջերս ստեղծել են միջազգային հայկական կրկեսային միություն, որն ունի երեք հազար անդամ և բոլորն ուզում են բացմանը ներկա լինել։
 

«Հայաստանի կրկեսային գործիչների միության» նախագահը լավ կրկես կառուցելու համար շնորհակալություն հայտնեց «Տաշիր» գրուպին: «Այդ մարդիկ կրկես են նվիրում հանրապետությանը լավ հասկանալով, որ այն բիզնեսի դաշտ չունի: Մենք ունեցել ենք մի կրկես, որտեղ ձմռանը ներսը ավելի ցուրտ էր քան դրսում, իսկ ամռանը ավելի շոգ էր, քան դուրսը, սակայն և մի օր էլ չի կանգնել կրկեսը: Մենք կրկեսային արվեստի զարգացման համար պետությունից մի լումա չենք ստացել»,-ասաց նա:


Սոս Պետրոսյանը նաև վստահեցրեց, որ նոր կրկեսը ժամանակակից պայմաններին համապատասխանելու է և եթե առաջ չէին կարողանում օդային տեսարաններ բեմադրել, կրկեսը սառույցի վրա և այլն, հիմա արդեն կարող են դա անել: Նրա խոսքով՝ արդեն վեցերորդ հարկն են ավարտում և կրկեսը կունենա ութ հարկ, դահլիճում կլինի ոչ թե նախկինի նման 1563 տեղ, այլ կլինի 2500 տեղ:

 

Ինչ վերաբերում է տոմսի արժեքներին, ապա նա ասաց, որ դեռ շուտ է այդ մասին ասել, բայց «Տաշիր» գրուպի ղեկավարության հետ խոսել է և նրանք ոչ մի մտադրություն չունեն գները բարձրացնել։  Նա նշեց, որ այս տարի կրկեսային ռեժիսորների հատուկ կուրս է բացվելու թատրոնի և կինոյի ինստիտուտին կից: Ներկայումս բոլոր դերասանները հյուրախաղերի մեջ են:





 

Հարյուր անգամ շքեղ շենք ենք ունենալու. Սոս Պետրոսյանը՝ կրկեսի բացման մասին