Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին

10:19 • 12.03.16

 

Ս. թ. մարտի 8-ին, Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, բացվել է «Կանանց դերը կայուն զարգացման բնագավառում» խորագրով ցուցահանդեսը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է ՀՀ վաստակավոր նկարիչ Արև Պետրոսյանը՝ «Հայացք անցյալից» խորագիրը կրող  ստեղծագործությունների շարքով, տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը։

 

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ:


Ցուցադրության ընթացքում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենին ներկայացվել է հայկական տաղավարը` ստեղծագործական աշխատանքների պատմությունը: Իրինա Բոկովան բարձր է գնահատել հայ արվեստագետի ստեղծագործությունները:
 

«Հայացք անցյալից» խորագիրը կրող  ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մարտի 18-ը: Մասնակից երկրներն են` Հայաստանը, Բահրեյնը, Բանգլադեշը, Դոմինիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Թուրքիան, Կուբան, Ուկրաինան:


 

Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին