Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը

10:11 • 16.03.16

 

Հայաստանի և Կիպրոսի Հանրապետությունների միջև մշակութային համագործակցության շրջա¬նակում` ս. թ. մարտի 16-ին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարության հարակից այգում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակը: Խաչքարի հանդիսավոր բացմանը ներկա կգտնվեն երկու երկրների Նախագահները: Արարողությանը կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու Կիպրոսի կրթության և մշակույթի նախարար Կոստաս Կադիսը:

 

Խաչքարի տեղադրման առա¬ջարկը ներկայացվել է ՀՀ մշակույթի նախարարության կողմից՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությամբ՝ Կիպրոսի արտաքին գործերի նախարարության խնդրանքով:

 

Խաչքարը թվագրվում է 1598 թվականով, գույնը՝ բաց կարմրավուն: Ջուղայի խաչքարերը 15-17-րդ դարերի խաչքարային մշակույթի պատկերագրական, ոճական ու իմաստաբանական առումով խիստ եզակի երևույթ էին:

 

Տեղադրվող կրկնօրինակի հեղինակն անվանի վարպետ, խաչքարագործության մշակույթի յուրահատուկ դպրոցի հիմնադիրներից` Ռուբեն Նալբանդյանն է:

 

Հիշեցնենք, որ 2010 թվականին «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը» Հայաստանի Հանրապետության հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:  


 

Կիպրոսում կտեղադրվի Հին Ջուղայի խաչքարի կրկնօրինակը