ԱՄՆ կինոակադեմիան ներողություն է խնդրել ռասիստական կատակի համար

13:57 • 16.03.16

Ամերիկյան կինոակադեմիան ներողություն է խնդրել ռասիստական կատակի համար, որը թույլ է տվել հաղորդավարն «Օսկարի» վերջին մրցանակաբաշխության ընթացքում: Հաղորդավար Քրիս Ռոքի կատակում ասվում էր, որ ասիական ծագումով երեխաները հաշվապահ են աշխատում կինոակադեմիայում, գրում է meduza.io-ն:

 

Բացի այդ, կինոակադեմիան առաջին քայլերն է ձեռնարկել, որոնք ուղղված են կազմակերպության անդամների շրջանում էթնիկ բազմազանությունն ամրապնդելուն: Կառավարիչների խորհրդի կազմում են ընդգրկվել սևամորթ ռեժիսոր Ռեջինալդ Հադլինը, լատինամերիկացի գրող Գրեգորի Նավան, ինչպես նաև ասիական ծագմամբ նկարիչ-մուլտիպլիկատոր Ջենիֆեր Յու Նելսոնը:

 

Կինոակադեմիան նաև ընդլայնել է խորհրդի հանձնաժողովների կազմը՝ յուրաքանչյուր հանձնաժողովում մեկական մարդ ավելացնելով:

 

2015 թվականի համար կինոմրցանակների հանձնումն ուղեկցվել է սկանդալով՝ թեկնածուների թվում տարբեր էթնիկ ծագումով ամերիկացիների բացակայության պատճառով։ Մրցանակաբաշխությունն անգամ սկսել են անվանել «սպիտակ Օսկար»: Սկանդալի հետևանքով կինոակադեմիայի ղեկավարությունը խոստացել է վերանայել կազմակերպության կազմի ձևավորման սկզբունքները։

 

 

ԱՄՆ կինոակադեմիան ներողություն է խնդրել ռասիստական կատակի համար