Թումոյի ուսանողները ներկայացրին «Ավրորա» մրցանակի 3 խորհրդանիշերի իրենց տարբերակները

14:24 • 16.03.16

 

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում երեկ 4 խմբերի բաժանված 20 ուսանողներ ներկայացրին «Ավրորա» (The Aurora Prize for Awakening Humanity) միջազգային մարդասիրական մրցանակի հիմնական խորհրդանիշները՝ արձանիկը, կարգախոսը և լոգոն՝ ըստ իրենց պատկերացման: Մրցանակը պետք է շնորհվի ամեն տարի՝ ապրիլի 24-ին:

 

Նշենք, որ մրցույթը հայտարարվել էր դեռևս փետրվարի 14-ից և ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հաղորդակցության բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանը, ուսանողները ջանքերը չխնայելով առավոտից երեկո աշխատել են՝ լավագույն արդյունքի հասնելու համար:


«Ընտրեցինք այն ուսանողներին, որոնք արդեն փորձ ունեին գրաֆիկական դիզայնի, 3D մոդելավորման, ովքեր արդեն ունեին աշխատանքներ և կարող էին թիմային աշխատանք անել: Յուրաքանչյուր խմբում ընդգրկվեց 5 ուսանող»,- ասաց նա:

 

Առաջին խմբի աշխատանքը ներկայացրեց ուսանող Դավիթ Հարությունյանը, ով նշեց, որ ընդհանրապես այնպիսի ոճրագործություն, ինչպիսին ցեղասպանությունն է, մասնատում է ազգերին ու վերածում բեկորների: Նրա խոսքով՝ իրենք փորձել են հավաքել այդ բեկորները և վերամիավորել բաժանված ազգին: Դավիթ նշեց, որ, ընդհանուր առմամբ, արձանիկը կազմված է լինելու տարբեր գույների ապակիներից, որոնք տեղադրելով իր նախատեսված տակդիրի վրա, կմիավորենք ազգերին: Խորհրդանիշի գաղափարն է՝ մասնատված ազգերի վերամիավորումը: 

 

Երկրորդ խմբի աշխատանքը ներկայացրեց Աննա Մինասյանը: Նա նշեց, որ տեղյակ են, որ մրցանակը շնորհվելու է 8 տարի շարունակ, այդ պատճառով որոշել են 8 մասերից և հիմքից կազմված արձանիկ ստեղծել: Այդ ութ մասերը իրենց հերթին ութանկյուն անկանոն մարմիններ են, որոնք խորհրդանշում են մարդու անկատարությունը: Հիմքը կազմված կլինի այնպիսի նյութից, որը լույսի անդրադարձից ավելի ուշ լույս կարձակի:


«Ամեն տարի մի մասնակցի շնորհելով այդ 8 մասնիկներից մեկին, այսինքն` հանելով ընդհանուր արձանիկից, մենք կավելացնենք հիմքի լույսը, իսկ այդ լույսը հույսի գաղափարն է արտահայտում»,-ասաց նա և նշեց, որ ամբողջական արձանիկը կցանկանար տեսնել Ծիծեռնակաբերդի բարձունքում:


Երրորդ խմբի աշխատանքը ներկայացրին Անահիտ Մկրտչյանն ու Սոնա Բաբայանը: Նրանց խումբը ստեղծել էր երկու մասից կազմված գիպսե արձանիկ, որն ինչպես նշեցին աղջիկները, միասնության գաղափար է արտահայտում:


«Արձանիկի մի մասը կարողանում է կանգնել, մյուս մասը՝ ոչ: Մենք հաղթողին պետք է շնորհենք այն մասը, որը չի կանգնում, մյուսը թողնենք Հայաստանում, որպեսզի նա հաջորդ տարի հետ գա Հայաստան ու միավորի արձանիկի երկու մասերը: Հայաստանում մնացած մասը մարդասիրության գաղափարի հիմքն է»,- ասաց Անահիտ Մկրտչյանը:

 

Չորրորդ խումբը ներկայացրեց միաժամանակ երկու արձանիկ: Դրանցից առաջինը ներկայացրեց Լիանա Հարությունյանը և նշեց, որ այն կազմված է երեք մասերից՝ փայտից՝ ծիրանի ծառից, որը խորհրդանշում է անցյալը, ավանդույթները, արմատները, իսկ վերևի մասը՝ բյուրեղապակուց, ինչը խորհրդանշում է ապագան: Նրանց միացնում են իրար բյուրեղապակյա խողովակներ, որոնց միջոցով լույս է հաղորդվում անցյալից դեպի ապագա:


Երկրորդ արձանիկը, որն ամբողջությամբ կազմված էր հայելուց, ներկայացրեց Մարինե Գազազյանը և նշեց, որ մրցույթի ժամանակ հերոսի ձեռքին հանդիսատեսը տեսնելով հայելին, պետք է փորձի բացահայտել իր ներսի հերոսին:


Tumo4aurora ծրագրի համակարգող Անի Մնացականյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրի նպատակն է` ուսանողներին դարձնել մարդասիրական մեծ շարժման մասնակից:


«Ուզում էինք հասկանալ, թե ուսանողների պատկերացմամբ ինչպիսին կարող է լինել մարդասիրությունը՝ արձանիկի գունապնակի ու կարգախոսի միջոցով: Ինչպես այսօր տեսանք, ուսանողները հետաքրքիր գաղափարներ էին կյանքի կոչել ու դարձան մարդասիրական մեծ շարժման մասնակիցը: Իրենք հասկացան իրենց անձնական ներուժի ներդրման կարևորությունը: Շատ տպավորված եմ նրանով ինչ տեսա: Մի քանի օրից կամփոփվեն մրցույթի արդյունքները և բոլոր աշխատանքները անկախ արդյունքից կտեղադրվեն Դիլիջանի միջազգային դպրոցում»,-ասաց նա:

 

Թումոյի ուսանողները ներկայացրին «Ավրորա» մրցանակի 3 խորհրդանիշերի իրենց տարբերակները