Սիեթլի ոստիկանությունը հրապարակել է ինքնասպան եղած Քոբեյնի զենքի լուսանկարները
Ամերիկյան Սիեթլ քաղաքի ոստիկանությունը զենքի հինգ լուսանկար է հրապարակել, որով ինքնասպան է եղել Nirvana ռոք խմբի մենակատար Քուրտ Քոբեյնը 1994 թվականին: Այդ մասին հաղորդվում է քաղաքի իրավապահ մարմինների վարչության կայքում, գրում է lenta.ru-ն։
Լուսանկարներն արվել են 2015 թվականի հունիսին: Զենքը պահում է դետեկտիվ Մայքլ Սեսինսկին, ով զբաղվել է երաժշտի մահվան հանգամանքների ուսումնասիրմամբ:
2015 թվականի հուլիսին հրապարակվել է 34 լուսանկար Քոբեյնի մահվան վայրից: Դրանցից մի քանիսն արել են քննիչները՝ Polaroid ֆոտոխցիկով: Քուրտ Քոբեյնի հարազատները՝ նրա այրի Քորթնի Լավը և դուստր Ֆրենսիսը, հայց են ներկայացրել Սիեթլի դատարան՝ պահանջելով արգելել լուսանկարների հրապարակումը:
Լուսանկարների հրապարակման հարցում պնդել է ամերիկացի լրագրող Ռիչարդ Լին, ով զբաղվում էր Քոբեյնի մահվան հանգամանքների անկախ հետաքննությամբ: Նրա կարծիքով՝ լուսանկարները կարող են կասկածի տակ դնել վարկածն այն մասին, թե երաժիշտն ինքնասպան է եղել: Լին վստահ է, որ Nirvana-ի մենակատարին սպանել են:
Քուրտ Քոբեյնին մահացած են գտել Սիեթլի իր տանը 1994 թվականի ապրիլի 8-ին: Քննության վարկածով՝ երաժիշտը ներարկել է հերոինի մեծ չափաբաժին, իսկ այնուհետ կրակել իր գլխին:











