Պալմիրայի հուշարձանների լուսանկարները 2014 թվականին (լուսանկարներ)
Այս լուսանկարները ցույց են տալիս, թե ինչպես են վնասվել և ավերվել Սիրիայի հնագույն վայրերում վերջին երկու տարիների ընթացքում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գործողությունների հետևանքով, մասնավորապես՝ Պալմիրայի հուշարձանները, որոնք դեռ կանգուն էին 2014 թվականին, այժմ փլատակների են վերածվել, գրում է The Daily Mail-ը:
Լուսանկարները ցույց են տալիս, թե ինչքան նշանակալի հին կառույցներ են ավերվել ԻՊ-ի ծայրահեղականների կողմից, ովքեր թալանել են թանկարժեք իրերը՝ ոչնչացնելով սիրիական քաղաքի պատմական հուշարձանները:
Լուսանկարիչը, ով 2014 թվականի մարտին այցելել էր Պալմիրայի հուշարձանները, այդ թվում Բաալ Շամինի և Բելի տաճարները և Հաղթանակի կամարը, այժմ կրկին այցելել է այս վայրերը և փաստագրել, թե ինչքան են դրանք վնասվել այս ընթացքում:
Չնայած ԻՊ-ի գրոհայինները վերջապես դուրս են քշվել սիրիական այս քաղաքից, բայց լուսանկարները ցույց են տալիս նրանց հետևից մնացած ավերածությունների տեսարանը: Այժմ փորձագետների առջև դժվար խնդիր է դրված վերականգնել հնագույն հուշարձանները:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական զորքերն օրերս վերականգնել են պատմական Պալմիրա քաղաքի նկատմամբ վերահսկողությունը: Ազատագրման գործողություններն ընթացել են ՌԴ ավիատիեզերական ուժերի աջակցությամբ: Պալմիրան, որի ավերակները Սիրիայում ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության վեց վայրերից մեկն են, ԻՊ-ի հսկողության տակ էր գտնվում 2015 թվականի մայիսի կեսերից։























