Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը միանում է «Ավրորա»-ին
Ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Ավրորա մրցանակաբաշխության երաժշտական ղեկավարը Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանն է:
Սերգեյ Սմբատյանը Tert.am-ի հետ զրույցում խոսել է Ավրորա մրցանակի նշանակության ու իր մասնակցության մասին:
«Ավրորա» մրցանակաբաշխությանը մաս կազմելը մեծ պատիվ է իմ և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։
«Ավրորայի» միջոցով մենք պետք է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք ցեղասպանություն կոչվող չարիքի հետևանքների վրա, պետք է նաև արվեստի ուժով ստիպենք վերջ դնել վայրագություններին, հանրայնացնենք մարդասիրությունը: Ուղիղ մեկ տարի առաջ «24/04» համաշխարհային նվագախումբը՝ ավելի քան 40 երկրի 120 երաժիշտներ, հենց այս խնդիրներն էին բարձրաձայնում։ «24/04»-ը և «Ավրորա»-ն համանման նպատակներ ունեն»,-նշում է Սերգեյ Սմբատյանը:
Մրցանակաբաշխությունն ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի խորհուրդը վերածնունդն է։ Կատարվելու են հայ կոմպոզիտորների հանրահայտ ստեղծագործություններից։ Ներկայացվելու են հատվածներ Ավետ Տերտերյանի 3-րդ, Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիաներից, Շառլ Ազնավուրի երգերից մեկը։ Ելույթ կունենան օպերային երգիչ Գևորգ Հակոբյանը (բարիտոն), «Հովեր» կամերային երգչախումբը և այլն։
«Երախտագիտություն հայտնելով «Ավրորա» մրցանակաբաշխության կազմակերպիչներին՝ պետք է ասեմ, որ մենք՝ արվեստագետներս, չէինք կարող մեր մասնակցությունը չունենալ այս համամարդկային նախաձեռնությանը»,-նշեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:










