«Любэ» խմբի բաս-կիթառահարի մահվան պատճառ դարձած իրադարձությունները վերականգնել են տեսանյութով (տեսանյութ)

14:40 • 22.04.16

Ռուս քննիչները վերականգնել են ապրիլի 2-ին տեղի ունեցած իրադարձությունները, երբ Մերձմոսկովյան շրջանում ծեծի էին ենթարկել հանրահայտ «Լյուբե» խմբի բաս- կիթառահար Պավել Ուսանովին, ով երկու շաբաթ անց մահացել է հիվանդանոցում։ Դրա համար օգտագործվել են տեսահսկման համակարգի տեսախցիկներից ստացված ձայնագրությունները, հաղորդում է Life-ը:

 

Կադրերում երևում է, թե ինչպես են բարում գտնվող տղամարդիկ, այդ թվում՝ Ուսանովը, կատակով կռիվ անում։ Նրանք պատահմամբ դիպչում են հարևանությամբ նստած այցելուին, ով վրդովվում է: Այնուամենայնիվ, ինչպես նշվում է, քիչ ժամանակ անց, նրանք բոլորն արդեն իրար գրեթե գրկած նստած են սեղանի շուրջ և ինչ-որ բան են քննարկում։

 

Նշվում է, որ մոտ քսան րոպե անց այդ նույն տղամարդը բռունցքով հարվածում է Ուսանովի գլխին, ինչից երաժիշտը հատակին է ընկնում (հարվածի պահը Life-ի հրապարակած տեսանյութում չկա)։

 

Հարվածի հետևանքով տուժածն անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։ Այդպես էլ գիտակցության չգալով՝ ապրիլի 19-ին նա մահացել է: Կասկածյալ Մաքսիմ Դոբրին կալանքի տակ է: Նա մեղադրվում է դիտավորությամբ ծանր մարմնական վնաս հասցնելու համար, որը մահվան է հանգեցրել:

 

Ինչպես հայտնի է դարձել հեռուստաալիքին, քննիչները դիտարկում են վարկածն այն մասին, որ ձերբակալվածը կարող էր ազգայնական խմբավորումներից մեկի անդամ լինել։ Այդ մտքին նրանք եկել են տղամարդու մարմնի վրա առկա դաջվածքների պատճառով։