Դուեյն Ջոնսոնը կնկարահանվի «Ջումանջի» ֆիլմի նոր տարբերակում
Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Դուեյն Ջոնսոնն Instagram սոցկայքի իր էջում տեղեկացրել է, որ առաջարկ է ստացել նկարահանվելու 1990-ականների ամենահայտնի ու սիրված ֆիլմերից մեկի` «Ջումանջիի» նոր տարբերակում։
«Սա պաշտոնական լուր է։ Մենք կնկարահանենք ու հանդիսատեսին կներկայացնենք իմ ամենասիրված ֆիլմերից մեկի նոր տարբերակը։ Կան խաղեր, որոնք խաղում ես սոսկ զվարճանքի համար, սակայն կան խաղեր, որոնք տակնուվրա են անում ամբողջ կյանքդ. «Ջումանջի»»,-գրել է ամրակազմ դերասանը։
Ինչպես նշում է The New York Daily News-ը, «Ջումանջիի» նոր տարբերակը նկարահանելու է Sony Pictures-ը։ Հայտնի է, որ ռեժիսոր Ջեյք Քեսդանի ֆիլմի սցենարն արդեն գրվում է։
Աղբյուրը մանրամասնում է, որ 1995թ. նկարահանված օրիգինալ «Ջումանջի» ֆիլմը, որում նկարահանվել է հանգուցյալ դերասան Ռոբին Ուիլյամսը, մեծ հաջողություն է ունեցել ու համաշխարհային կինովարձույթում հավաքել է 262 մլն դոլար։












