Դա Վինչին «Մոնա Լիզան» նկարել է և՛ կին, և՛ տղամարդ բնորդների օգնությամբ. փորձագետ

14:00 • 26.04.16

Ամբողջ աշխարհի արվեստագետների ու ոլորտի փորձագետների շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած հանրահայտ «Մոնա Լիզա» կտավը, որը պատկանում է Վերածննդի դարաշրջանի հանճարեղ ներկայացուցիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին, ստեղծվել է և՛ կին, և՛ տղամարդ բնորդների օգնությամբ։

 

Ինչպես նշում է The Guardian-ը, նման եզրակացության է հանգել արվեստի ոլորտի փորձագետ Սիլվանո Վինչետին, ով նախքան այս Դա Վինչիի գլուխգործոցն ուսումնասիրել է ինֆրակարմիր տեխնոլոգիաներով:


Իտալացի մասնագետի համոզմամբ՝ Դա Վինչին տվյալ կտավը նկարելիս սկզբում որպես բնորդուհի է օգտագործել Ֆլորենցիայի հայտնի վաճառականներից մեկի կնոջը` Լիզա Գերարդինիին, սակայն նրանից հետո նկարիչը շարունակել է իր աշխատանքը` որպես բնորդ օգտագործելով Ջան Ջակոմո Կապրոտիին, ով առավել հայտնի է Սալայ անունով:

 

«Մենք մանրազնին ուսումնասիրել ենք բոլոր այն կտավները, որոնցում Դա Վինչին որպես բնորդ է օգտագործել Սալային: Այնուհետև մենք դրանք համեմատել ենք «Մոնա Լիզայի» հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ դրանք ունեն բավական շատ ընդհանրություններ և համընկնումներ: Դա Վինչին մեծ վարպետությամբ համադրել է 2 բնորդներին ու մի շարք դետալներ է ավելացրել` առաջնորդվելով սեփական երևակայությամբ։

 

Կարծում եմ նաև, որ այս կտավը Դա Վինչիի իրական էության կատարյալ արտացոլումն է: Իրականում Դա Վինչին իր մեջ ներառում էր կնոջ և տղամարդու տեսակների համադրությունը»,-նշել է փորձագետը։

 

Դա Վինչին «Մոնա Լիզան» նկարել է և՛ կին, և՛ տղամարդ բնորդների օգնությամբ. փորձագետ