Չիլիում վերահուղարկավորել են Պաբլո Ներուդայի մնացորդները

11:56 • 27.04.16

Չիլիի իշխանությունները վերահուղարկավորել են 20-րդ դարի լավագույն պոետներից մեկի` Պաբլո Ներուդայի մնացորդները, որոնք ավելի վաղ արտաշիրիմվել էին քրեական փորձաքննություն անցկացնելու նպատակով:


Ինչպես հայտնում է lenta.ru-ն, նախքան վերահուղարկավորումը մայրաքաղաք Սանտյագոյում գտնվող Կոնգրեսում տեղի է ունեցել մեծն պոետի հիշատակին նվիրված արարողություն, որին ներկա է եղել մի քանի հազար մարդ։

 

Դրանից հետո Ներուդայի մնացորդներով դագաղը թաղվել է Իսլա Նեգրա շրջանում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Ներուդան արտաշիրիմվել էր 2013թ., որպեզի քննիչները կարողանան պարզել գրողի մահվան պատճառը: Շրջանառվում է այն վարկածը, որ 1973թ. տեղի ունեցած պետական հեղաշրջումից մի քանի օր անց մահացած Ներուդան կարող էր սպանված լինել  իշխանության եկած բռնապետ Աուգուստո Պինոչետի հրամանով:


Նոբելյան մրցանակակիր Ներուդայի մահվան գործը վերաբացվել էր այն բանից հետո, երբ նրա նախկին վարորդը պատմել էր, որ քաղցկեղով հիվանդ գրողը բուժվում էր հիվանդանոցներից մեկում ու պետական հեղաշրջման պատճառով պատրաստվում էր փախչել Մեքսիկա։ Սակայն բժիշկներից մեկի ` կրծքավանդակում արված առեղծվածային ներարկումից հետո գրողը մի քանի ժամ անց մահացել է։ Որպես 69-ամյա Ներուդայի մահվան պաշտոնական վարկած հայտարարվել է քաղցկեղը:

 

Նշվում է, որ սոցիալիստ նախագահ Սալվադոր Ալյենդեի սպանությունից հետո իշխանության եկած Պինոչետի հաստատած ռեժիմի հետևանքով զոհվել է 3.200-ից ավելի  մարդ: Ներուդան եղել է Ալյենդեի` մշակույթի հարցերով խորհրդականը, իսկ 1970 թ. իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնի համար։


 

Չիլիում վերահուղարկավորել են Պաբլո Ներուդայի մնացորդները