Կարևոր եմ համարում թատրոնի մասին օրենքի առկայությունը. Հակոբ Ղազանչյան
Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարում միության նախագահ Հակոբ Ղազանչյանն անդրադարձավ նաև թատրոնի ոլորտի առկա խնդիրներին և կարևոր համարեց թատրոնի մասին օրենքի առկայությունը: «Մինչև հիմա պարզ չէ Թատրոնի կառավարման համակարգը: Այն թատրոններում, որտեղ ամեն ինչ նորմալ է, զուտ մարդկային նորմալ հարաբերությունների վրա է հիմնված»,-ասաց նա և նշեց, որ դա չի նշանակում, որ եթե մի թատրոնում խնդիր չկա, մի քանի տարի հետո ևս չի լինելու: Նա նաև նշեց, որ Կամերային երաժշտական թատրոնի իրարանցման պատճառն այն էր,որ պարզ չէր, թե ով ինչի համար է պատասխանատու:
Հակոբ Ղազանչյանը նշեց նաև, որ մնջախաղի և համազգային թատրոնի շենքի խնդիրները հրատապ են: «42 տարի է Մնջախաղի պետական թատրոնը շենք չունի: Մնջախաղի թատրոնի համար մի տեղ գտեք.ձեր թատրոնն է, օգնեք, դուք եք որոշել, որ այդ թատրոնը պետք է լինի»,-ասաց նա:
Հակոբ Ղազանչյանը նշեց, որ այս տարի պետք է ամեն ինչ անեն, որ չորս յոթանասունամյա հոբելյարների՝ Նիկոլայ Ծատուրյանի, Հրաչյա Գասպարյանի, Վահե Շահվերդյանի, Արմեն Խանդիկյանի, իսկ Ալեքսանդր Գրիգորյանի՝ ութսունամյակը պատշաճ կերպով նշվի «Արտավազդ» մրցանակբաշխության ժամանակ: «Դա միության սուրբ գործը պետք է լինի»,-ասաց նա և նշեց, որ այդ լեգենդար սերունդը հսկայական ծառայություն է մատուցել հայ թատրոնին:
Անդրադառնալով երիտասարդ գործիչներին՝ միության նախագահն ասաց. «Երիտասարդներին շատ ենք օգնում, այդպիսի բան չի լինում, որ մի երիտասարդ մտնի ինձ մոտ և մերժված դուրս գա: Բայց չի կարելի ֆետիշացնել այդ հասկացողությունը, մենք էլ ենք երիտասարդ եղել, բայց մեր մտքով չի անցել, որ մենակ մենք լինենք»,-ասաց նա և նշեց, որ դեմագոգիան պետք է վերացնել:
Նա կոչ արեց ցույց տալ մի երիտասարդի, ով տաղանադավոր է և հնարավորություն չունի բեմադրություն անել: «Ես բոլոր թատրոններում աշխատում եմ: Աշխատեք, բայց շարունակեք զուգահեռ մարդկանց կենսագրություններ, ծառայություններ հարգել, մի փորձեք ամեն ինչ կենտրոնացնել ձեր ձեռքը»,-ասաց նա և նշեց, որ չի կարելի թատրոնում խմբավորումներ ստեղծել, քանի որ փորձը ցույց է տալիս, որ դրանք մի քանի անգամ ավելի դաժան կերով «շուռ» են գալիս քեզ վրա:
Հակոբ Ղազանչյանը կարևորեց Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի նախորդող տարում՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի համաշխարհային կոնգրեսի անցկացումը: «Երևանը վեց օր դարձել էր աշխարհի թատերական մայրաքաղաքը, և Թատրոնի միջազգային ինստիտուտի նախագահի խոսքը Հայոց Ցեղասպանության մասին էր, որ բոլորը պետք է այն ճանաչեն: Ես կարծում եմ, որ դա մեծ քաղաքական նշանակություն ուներ, էլ չեմ ասում, որ մենք կոնգրեսն, ըստ էության, փախցրինք Ադրբեջանից, որովհետև վաղուց հաստատված էր, որ Ադրբեջանում էր տեղի ունենալու»,-ասաց նա և նշեց, որ, երբ իմացավ այդ մասին, որոշակի աշխատանքներ իրականացրեց, որ այն տեղափոխվի Հայաստան:
Միության նախագահը նաև անհարժեշտ համարեց՝ մտածել հետագայում ֆինանսատնտեսական բազա ստեղծելու մասին, որ Թատերական գործիչների միությունը անկախանա և հնարավորություն ունենա իր տարրական խնդիրները լուծել:










