Մարզային թատրոններում գուցե լուրջ տեղաշարժեր չեն լինում, բայց աշխատանքները ճիշտ ուղղությամբ են ընթանում. Հ. Ղազանչյանը հաշվետվություն ներկայացրեց
Քիչ առաջ մեկնարկեց Հայաստանի թատերական գործիչների միության 16-րդ համագումարը, 119 պատվիրակներից ներկա էր 93-ը: Նախ որոշվեց ձայներ հաշվող հանձնաժողովի կազմը, ընտրվեց համագումարի նախագահողը և քարտուղարը, ՀԹԳՄ կանոնադրության մեջ իրականացվեցին որոշակի փոփոխություններ և լրացումներ:
Միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ներկայացրեց անցած երկու տարվա ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունը: Նա նախ նկատեց, որ համագումարն իրականացվում է երկրի համար դժվարին օրերի ընթացքում՝ հաշվի առնելով սահմանի լարվածությունը: Բացի կատարված աշխատանքից նա նաև անդրադարձավ առկա խնդիրներին:
«Մենք շարունակում ենք լուրջ ուշադրություն դարձնել մարզային թատրոններին, գուցե դեռևս լուրջ տեղաշարժեր չեն լինում, բայց ճիշտ ուղղությամբ են ընթանում աշխատանքները: Առավել ևս՝ մեր օրերում կա բացառիկ իրադարձություն՝ Գավառի թատրոնի համար նոր շենք է կառուցվում, և այս տարի այն կհանձնեն, ինչը մարզպետի համար սկզբունքային հարց է»,-ասաց նա:
Հակոբ Ղազանչյանը նշեց, որ կան մարզային թատրոններ, որոնք անտեսված են և խնդիր պետք է դնել, որ նրանք մեկնեն և ներկայացումներ ցուցադրեն այն վայրերում, որտեղ թատրոն չկա:
«Տարեցտարի ավելի դժվար է լինում գործարար մարդկանց կապել թատրոնի հետ, ամեն ինչ արվում է շատ մեծ ճիգերով»,-ասաց նա և նշեց, որ չնայած դրան, Միությունը հսկայական աշխատանք է կատարել՝ ստանալով բավական առաջարկություններ:
Միության նախագահը նաև անդրադարձավ միության միջազգային գործունեությանը և ներկայացրեց այդ ուղղությամբ կատարած աշխատանքները:
Նա կարևորեց պետության աջակցությամբ իրականացված՝ Վրաստանի մշակութային օրերը Հայաստանում և նշեց, որ Վանաձորի թատրոնը հյուրախաղերով բավականին հաջողված պատասխան այց իրականցրեց:
«Վրաց ժողովրդի հետ պետք է ամեն ինչ անենք, որ հարաբերությունները նորմալ զարգանան»,-ասաց նա:










