Հայաստանը Եվրոպական թանգարանային ֆորումի մրցանակաբաշխությանը ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
Հայաստանը Եվրոպական թանգարանային ֆորումի (European museum forum) տարեկան մրցանակաբաշխությանը ներկայացրել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Եվրոպական թանգարանային ֆորումի ազգային թղթակից Մարինե Մկրտչյանը:
«Եվրոպական թանգարանային ֆորումի նպատակն է խրախուսել թանգարանային նորարարությունները: Այն ունի մրցանակաբաշխություն, որին մենք առաջին անգամ ներկայացրինք Կոմիտասի թանգարան-ինստիտուտը: Մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում ևս նոր թանգարաններ են բացվում և թանգարանային գործը զարգանում է»,-նշեց Մարինե Մկրտչյանը:
Եվրոպական թանգարանային ֆորումի տարեկան 39-րդ մրցանակաբաշխությունը (The European Museum of the Year Award) տեղի է ունեցել ապրիլի 6-10-ն Իսպանիայում:
Մկրտչյանի խոսքով` հայաստանյան մշակութային օջախներից Կոմիտասի թանգարան-ինստիտուտն առաջինը մասնակցեց մրցանակաբաշխությանը, և անցավ եզրափակիչ փուլ:
«Մենք շնորհանդեսի միջոցով ներկայացրել ենք մեր թանգարանը: Մրցանակաբաշխությանը մասնակցել է 49 թանգարան: Մրցանակի է արժանացել Լեհաստանի հրեաների «Պոլին» պատմության թանգարանը (POLIN Museum of the History of Polish Jews) »,-հավելեց Մարինե Մկրտչյանը:










