Ջազը հոգի է. Գարի Քյոսայան

12:41 • 30.04.16

Ջազի  սիրահարներն ապրիլի 30-ին նշվում են  ջազի միջազգային օրը: Երաժշտական այս ոճն ի հայտ է եկել 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին որպես աֆրիկյան և եվրոպական մշակույթների սինթեզ: Ժամանակի ընթացքում տարածվելով մեծացրել է իր սահմանները՝ հնարավորություն տալով ջազ կատարողներին, երբեմն, հեռանալ նաև դասական ջազի սահմաններից և իմպրովիզի միջոցով ստեղծել ջազային յուրահատուկ ձեռագիր:  Ջազն այն ոճերից է, որը դժվարությամբ է սիրվում ու ընդունվում, բայց երբ սիրում ես՝  այլևս կտրվել չի լինում: Երաժշտական արվեստի բացառիկ ոճ է, որը միացնում է ազգերին, վերացնում է մարդկանց և պետությունների միջև սահմանները:  Ջազի հետևորդներ Հայաստանում կան, թեև քիչ, բայց ջազի հաստատուն ու նվիրյալ սիրահարներ են: «Արմենպրես»-ը փորձել է ջազի գաղտնիքները «բացահայտել»  հայտնի ջազմեն,  կոմպոզիտոր« բենդ-առաջնորդ« ջազային դաշնակահար Գարի Քյոսայանի հետ:
 

- Բոլորը չէ, որ սիրում ու գնահատում են ջազը, այնամենապահանջված ոճերից չէ: Ո՞վ է այսօր Գարի Քյոսայանի հանդիսատեսն ու ունկնդիրը:
 

- Հայաստանում ջազն այդքան էլ տարածված չէ, բայց ուրախ եմ, որ իմ հանդիսատեսը տարբեր սերունդների ներկայացուցիչներ են՝ թե՛ երիտասարդներ, թե՛ մեծահասակներ: Անշուշտ, սա մեղեդային և էլեգանտ ոճ է: Հայ հանդիսատեսն աշխարհի ամենալավ հանդիսատեսն է, որովհետև շատ ճաշակով ու պահանջկոտ է: Ես երջանիկ եմ, որ այսպիսի հանդիսատես ունեմ:
 

-Վերջին տարիներին տարբեր խմբերի հետ ելույթ եք ունենում Հայաստանում: Համերգային ո՞ր ծրագիրը կառանձնացնեք: Կցանկանամ անդրադառնաք նաև վերջին ՝«Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցած համերգին:

 

- Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և ամերիկացի ջազ-երգչուհի Ինդեանի համատեղ համերգը՝ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, երբ հնչեցին իմ  ստեղծագործությունները:
 

Առանձնացնեմ ևս մեկ՝ «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգը, որը տեղի ունեցավ  2015 թվականի հոկտեմբերի 29-ին: Այս համերգին  հրավիրված էին իմ ամերիկյան երաժշտախմբի անդամները, ովքեր ԱՄՆ-ում շատ հայտնի երաժիշտներ են: Համերգին հնչեցին հին և նոր կատարումներ:
 

Վերջին համերգը տեղի ունեցավ ապրիլի 21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երկու մասից բաղկացած համերգային ծրագրում, իմ հեղինակային ստեղծագործություններից բացի, ընդգրկել էի Լուի Արմսթրոնգի, Ռեյ Չարլզի և այլ երաժիշտների գործերը։ Համերգին հնչեցին պրեմիերաներ` «Վալս Մարիայի համար» ստեղծագործությունը՝ նվիրված դստերս, «Հերոսական բալլադ»-ը հայ զինծառայողներին նվիրված, որը գրել եմ Արցախի ապրիլյան պատերազմի օրերին, «Գիշերը Գետսեմանում» ստեղծագործությունը՝ նվիրված անմեղ զոհերին և ուրիշ այլ նոր ստեղծագործություններ։ Այս համերգին հրավիրված էր ռուս սաքսոֆոնահար Վլադիմիր Կոլյուժնին, ով անսպասելի հիվանդության պատճառով չէր կարողացել Երևան ժամանել, և նրան փոխարինեց սաքսոֆոնահար Կախի Ջագաշվիլին։ Երաժշտին նաև նվագակցում էին Արմեն Հովակիմյանը (բաս)« Արմեն Մովսիսյանը (հարվածային գործիքներ) և ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը:
 

-Գարի՛, որքան ծանոթ եմ Ձեր ստեղծագործություններին, հիմնականում դասական ջազն է Ձեր ստեղծագործությունների մեջ, սակայն հայկական ձեռագրով: Դա այդպե՞ս է:
 

-Երբեք ստեղծագործելիս չեմ մտածում դրա մասին, դա ինքնաբերաբար է ստացվում: Հատուկ չեմ անում, բայց, եթե այդպես է ու կարող եմ իմ ստեղծագործություններով փոխանցել ազգայինն, ուրեմն ավելի ուրախ եմ դրա համար:

 

-Ի՞նչ է ջազը Ձեր համար և արդյո՞ք ունենք ջազային մշակույթ:

 

- Ջազը հոգի է:  Ջազը, լինելով բարձր ինտելեկտուալ արվեստ, մթնոլորտ է ստեղծում, բերում է մտավոր ու ինտելեկուալ ներդաշնակություն: Կրկին ասեմ՝ Հայաստանում կա  ջազի երկրպագուների հաստատուն ու խիստ բանակ, որին «խաբել» հնարավոր չէ՝ խստապահանջ է ու ջազից հասկացող: Ջազը կարելի է մատուցել, հայկական էլեմենտներ ներմուծելով, բայց այնպես, որ համոզես, իսկ դա միայն իրական ջազմենը կարող է:

 

-Ե՞րբ եք առաջին անգամ սկսել այս ոճով ստեղծագործել և ե՞րբ  Ձեզ համար «բացահայտեցիք» ջազը:
 

-13 տարեկան էի, երբ գրեցի «Հայաստան» ստեղծագործությունը: Առաջին անգամ ես ջազ լսել եմ իմ հարևանից ու շատ եմ զարմացել: Ինձ այդ երաժշտությունը գերեց առաջին իսկ հնչյուններից: Ջազն այն տարիներին գաղտնի ռադիոալիքներով էինք լսումը: 7 տարեկան էի  ոգևորությամբ այն թաքուն լսում էի, իսկ առավոտյան փորձում էի գիշերը լսածս երաժշտությունը  սուլել,  որ չմոռանամ:

 

- Ինչպես վերջին, այդպես էլ մինչ այդ համերգներին ելույթ է ունենում նաև Ձեր կինը դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը.դժվար չէ՞ ամուսիններով «կիսել» բեմը:
 

- Ո՛չ, քանի որ մինչև ամուսնանալը մենք արդեն գործընկերներ էինք: Կնոջս հետ մի շարք համերգներ ենք ունեցել տարբեր երկրներում: Յուրօրինակ ջազ ծրագիր ունի ու չափազանց էլեգանտ ձայն: Բեմում մենք մոռանում ենք, որ ամուսիններ ենք:
 

-Ստեղծագործական ինչպիսի՞ վիճակում եք հիմա:

 

-Հիմա գրում եմ իմ նոր ձայնասկավառակը, որը, հավանաբար, այս տարի պատրաստ կլինի:  Այն կոչել եմ «Ծիր Կաթին»:
 

Կոմպոզիտոր, բենդ-առաջնորդ, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանը ծնվել է Երևանում։ Ավարտելով Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիան` նա լայն ճանաչում է ձեռք բերում իբրև ջազային երաժիշտ 1980 թ. Մոսկվայում Համաշխարհային երիտասարդական ֆորումի փառատոնային ծրագրում ելույթ ունենալուց հետո: 1983 թ. Գ. Քյոսայանը մենահամերգներով հանդես է գալիս Համբուրգում, Քյոլնում, Բոննում, Մյունխենում ու Բրեմենում: 1988-2003 երաժիշտը բնակվում և ստեղծագործում է Լոս Անջելեսում (ԱՄՆ): ԱՄՆ ապրած տարիներին ղեկավարել է մի շարք ջազ ակումբներ: 1990 թ. իր հիմնադրած համույթը` Gary Kesayan Jazz Quartet դառնում է «Ֆլոր դը Վին» (Փասադենա« ԱՄՆ) անվանի ջազ-ակումբի առաջատար նվագախումբը: Նույն կազմով համույթը համերգներ է ունենում ԱՄՆ-ում, Կանադայում և Եվրոպայում (Հոլանդիա, Դանիա, Իտալիա):  Խմբի ստեղծագործական գործունեության ընթացքը էականապես փոխվեց 1995 թվականին, Բեվերլի Հիլզում կայացած ելույթի ժամանակ: Այս համերգը դրական արձագանք ունեցավ ամերիկյան մամուլում, դրա տեսաձայնագրությունը հեռարձակվեց CBS ալիքներով: 1997 թվականին Լոս Անջելեսում տեղի է ունենում Գարի Քեսայանի անդրանիկ For you ձայներիզի շնորհանդեսը« որը 1998 թվականին ստանում է Armenian Music Awards ազգային մրցանակաբաշխության Best Jazz Musician of the Year by AMA in 1998 մրցանակը: 1998 թվականին Գարին և նրա քառյակը Մարթին Իլոն երգչուհու հետ առաջին անգամ համերգներով այցելեցին Երևան: 2005 թ. Գարին կրկին Երևան է հրավիրում քառյակի երաժիշտներին` Իլեն Գիբսի հետ և  ներկայացնում է հիանալի շոու, որին ներկա էր մաեստրո Շարլ Ազնավուրը։ Նույնքան հիշարժան էին Gary Kesayan Jazz Quartet-ի համերգները 2006-2010 թթ.: Վերջին 8 տարիների ընթացքում Գարի Քյոսայանը բնակվում  է Հայաստանում:

 

Ջազը հոգի է. Գարի Քյոսայան