Երևանում իր աշխատանքները կներկայացնի ֆրանս-շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի ծրագրի շրջանակներում այսօր և վաղը «Տասնհինգ դիտակետ» խորագիրը կրող ցուցահանդես է ներկայացնելու ֆրանս-շվեյցարացի արվեստագետ Ֆելիչե Վարինին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը: Դեսպանը ներկայացնելով արվեստագետին՝ ասաց, որ վերջինիս յուրահատուկ աշխատելաոճն իրենց շատ է տպավորել:
«Այս տարի ֆրանկոֆոնիայի շրջանակներում կենտրոնացել էինք վիզուալ արվեստների վրա: Ֆելիչե Վարինի շատ յուրահատուկ ոճ ունի, նա նկարում է ոչ թե կտավի, այլ ճարտարապետական կառույցների վրա՝ դրանք դարձնելով չափազանց գրավիչ և յուրօրինակ»,-ասաց դեսպանը՝ շնորհակալություն հայտնելով «Մշակութային երկխոսություն» կազմակերպությանը, ArmSwissBank-ին և «Հայ Արտ» մշակույթի կենտրոնին՝ համագործակցության համար:
Ֆելիչե Վարինիին իր հերթին լրագրողներին հայտնեց, որ իր աշխատանքները ստեղծելիս նախընտրությունը տալիս է պարզ երկրաչափական պատկերներին: «Ես իմ աշխատանքները կազմում եմ՝ շեշտը դնելով որոշակի դիտակետի վրա»,-ասաց արվեստագետը:
Վերջինս դեռ չի հասցրել ուսումնասիրել Երևանի ճարտարապետությունը և դժվարացավ ասել, թե ինչպիսի դիտակետից կձևավորեր այս կամ այն կառույցը: «Ինչքան նկատել եմ, Երևանում գերիշխում են վարդագույն երանգավորմամբ կառույցներ, և եթե ձևավորում անեի, կօգտագործեի արծաթագույնը»,-ասաց Ֆելիչե Վարինիին:
Տեղեկացնենք, որ շվեյցարացի արվեստագետն այսօր երեկոյան ժամը 19.00-ին լինելու է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, իսկ նրա ցուցահանդեսը լինելու է վաղը՝ մայիսի 3-ին՝ ժամը 18.00-ին, «Հայ Արտ» արվեստի կենտրոնում:










