Կբացվի Արփի Ավդալյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը

10:01 • 07.05.16

Ս. թ. մայիսի 7-ին, ժամը 14:00-ին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում կբացվի ժողովրդական վարպետ, նկարիչ-մոդելավորող Արփի Ավդալյանի «Հոգին իբրև զարդանախշ» խորագրով ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը:
 

Ինչպես տեղեկացնում է Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունը, ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. մայիսի 22-ը:
 

Արփի Ավդալյանը ծնվել է Գյումրիում: 1998 թվականին ավարտել է Լորիս Քալաշյանի անվան հայկական բաց համալսարանը: Այժմ նույն բուհում դասավանդում է ասեղնագործություն և զարդանախշի կոմպոզիցիա:

Արփի Ավդալյանի առաջին անհատական ցուցահանդեսը տեղի է ունեցել 2012 թվականին, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: Ասեղնագործող վարպետը մասնակցել է նաև Իրանի Ղազվին, Գորգան, Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքներում անցկացված միջազգային ցուցահանդեսներին և փառատոներին, արժանացել՝ ջերմ ընդունելության և մրցանակների:

Արփի Ավդալյանի ասեղնագործ հորինվածքներն ու զարդերը վկայում են կիրառական արվեստի այս ճյուղի՝ դարերից եկող ավանդույթի մասին:

 

 

Կբացվի Արփի Ավդալյանի ասեղնագործ աշխատանքների ցուցահանդեսը